ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն այսօր՝ հունիսի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանել է Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի ընդունման հարցը։
«Սահմանադրական դատարանը համապատասխան որոշում է ընդունել, որ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրությամբ ամրագրված իրավական պարտավորությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։ Կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել: Իսկ միջազգային պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծ ներկայացնելը կառավարության բացառիկ իրավասությունն է։ Եթե նախագիծ ներկայացվի, ԱԺ-ն կքննարկի ու որոշում կկայացնի»,- ասաց Վարդանյանը։
Հարցին, թե արդյոք ժամկետները չեն անցե՞լ, Վարդանյանը նշեց, որ երբ խոսքը վերաբերում է միջազգային պայմանագրերին, ժամկետների հարցը միանշանակ չէ, դրանք պայմանավորված են ներպետական և արտապետական իրավական գործընթացներով, և այստեղ պետք է կենտրոնանալ ավելի շուտ կամքի, ցանկության եւ դիրքորոշման վրա, պետք է սպասել ներպետական գործընթացի ավարտին և նախագծի ներկայացմանը:





























