ԱՄՆ-ը դրական է գնահատում Ռուսաստանի հետ անցած շաբաթավերջին տեղի ունեցած շփումները և անհամբեր սպասում է դրանց շարունակությանը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, փոխանցում է ТАСС-ը։

«Հանգստյան օրերին մենք լավ, անմիջական շփումներ ունեցանք Ռուսաստանի հետ։ Մենք ակնկալում ենք, որ դրանք կարող են շարունակվել»,- ասաց նա։

Քիրբին ասել է, որ ԱՄՆ-ը «Վագներ» ՊՄԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակը համարում է Ռուսաստանի ներքին գործը և մտադիր չէ միջամտել դրան։ «Մենք բոլոր դաշնակիցներին ու գործընկերներին հասկացրել ենք, որ ԱՄՆ-ը չի մասնակցել և չի մասնակցի այդ իրադարձություններին, և որ դրանք համարում ենք Ռուսաստանի ներքին գործը»,- ասել է նա: