Սերժ Սարգսյանը 2017-ի նոյեմբերին հարցազրույցում հայտարարել է, որ մենք պատրաստակամություն ենք հայտնել թողնել բոլոր 7 շրջանները, բայց Արդբեջանն ամեն անգամ նոր պահանջներ էր առաջ քաշում. Այսինքն ո՞րն է նոր պահանջը, դա այն է, որ պահանջում են Ղարաբաղը ներառյալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 27-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Եթե մենք 7 շրջանները եւ Ղարաբաղը տայինք, ես վստահ չեմ, որ դա մեզ շանս չէր տա պատերազմից խուսափելու»,-ասաց նա:
Անդրադառնալով բանակին, Փաշինյանն ասաց. «Բանակի հետ կապված, ըստ էության, հետեւյալն է արվել. Արդյոք մարտունակության վիճակի մասին եղել են քննարկումներ: Այո, եղել են, եւ ես մինչեւ ներառյալ 2020-ի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ իհարկե, շատ դժվար է լինելու, բանակը իր առջեւ դրված խնդիրը կատարելու է: Սա արձանագրում չէ, որ ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ին ես որդեգրել եմ «ամեն ինչ բանակի համար» քաղաքականությունը:
Արդեն 2019-ին էականորեն բարձրացել է բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության եւ ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության եւ ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձեւախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել:
Բացառված է, որ որեւէ մեկը հիշի դեպք, որ բանակը կառավարությն առջեւ դրել է խնդիր եւ դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»:
ՀՀ վարչապետը նաեւ հայտարարեց, որ իր վարչապետ դառնալուց հետո արտաքին քաղաքականության վեկտորի փոփոխության հարց չի քննարկվել: «Ընդհակառակը, մեր ընկալումը եղել է այն, որ նման փոփոխությունը կարող է ծանր հետեւանքներ ունենալ հենց ԼՂ հակամարտության համատեքստում»,-ասաց նա:





























