«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) պարգեւատրել է «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի հաղթողներին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ցուցահանդեսին ներկայացված 243 նկարներից 38 աշխատանքի հեղինակներն ստացել են նվերներ Հայաստանի ԿԳՆ-ի եւ «ԱրմենՏել» ընկերության կողմից:
Արդեն երկրորդ տարին է, ինչ կազմակերպվում է այս մրցույթ-փառատոնը:
Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին ներկայացվել է շուրջ 1000 աշխատանք աշխարհի 18 երկրից (ԱՄՆ, Արգենտինա, Բելառուս, Բելգիա, Բուլղարիա, Թուրքիա, Իսպանիա, Իրան, Լիբանան, Չինաստան, Ռումինիա, Ռուսաստան, Սիրիա, Ուզբեկստան, Ուկրաինա, Ուրուգվայ, Ֆրանսիա, Քուվեյթ), Արցախից եւ Հայաստանից: Մրցույթի առաջին փուլից հետո 243 լավագույն նկարներ ցուցադրվել են Երեւանի գեղագիտության ազգային կենտրոնում:
«Գլոբալիզացիայի դարաշրջանում միայն կրթական համակարգը չի կարող ապահովել երիտասարդ սերնդի արդյունավետ դաստիարակությունը: Այն բազմակողմանի եւ բարդ գործընթաց է եւ այստեղ չափազանց կարեւոր է տարբեր կառույցների ներգրավվածությունը: «ԱրմենՏել» ընկերությունը հովանավորում է բազմաթիվ կրթական ծրագրեր, եւ այս մրցույթ-փառատոնը նման համագործակցության վառ օրինակ է: Այն հետապնդում է մեկ ընդհանուր նպատակ` կրթել արժանի սերունդ, որն էլ հետագայում կդառնա պայծառ ապագա կերտելու գրավականն ու երաշխիքը», - նշել է «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Անուշ Բեղլոյանը:
Նշենք, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության նախաձեռնությամբ եւ «ԱրմենՏելի» աջակցությամբ լույս է տեսնելու կատալոգ, որում կներառվեն մրցույթի երկրորդ փուլ անցած լավագույն աշխատանքները:




























