Բելգիայում եւ Լյուքսեմբուրգում Ադրբեջանի դեսպան, Եվրամիությունում ադրբեջանական առաքելության ղեկավար Վագիֆ Սադիկովը Twitter-ի իր միկրոբլոգում սպառնացել է Եվրախորհրդարանի անդամներին, որոնք այցելել են Հայաստան եւ Լաչինի միջանցքի Հակարի կամրջի մոտ պարեկություն են կատարել։

«Նրանք գիտեն ինչ են անում, որ պաշտպանեն իրենց։ Ադրբեջանական արտադրության Istigal IST-14.5 դիպուկահար  հրացանը մոտ 3000 մետր արդյունավետ հրաձգության հեռահարություն ունի։ Տղերք, հեռու մնացեք Ադրբեջանի պետական ​​սահմանից...»,- գրել է նա։  

Սադիկովի գրառմանն արձագանքել է Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով ենթակոմիտեի ղեկավար Նատալի Լուազոն․ «Արդյոք, սա սպառնալի՞ք  է Եվրախորհրդարանի անդամների համար։ Մի՞թե այն ադրբեջանցի «դիվանագետից է»  գալիս։ Ի՞նչ մակարդակի է իջել ադրբեջանական դիվանագիտությունը։ Չհարգելով Արդարադատության միջազգային դատարանի որոշումը եւ պատանդ վերցնելով 120 հազար մարդու, հպարտանալու ոչինչ չկա։ Արդյո՞ք դա է ձեզ նյարդայնացնում: Մենք՝ կայուն արժեքներ ունեցող եվրոպացիներս, տպավորված չենք։ Մենք կշարունակենք պահպանել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ հարգանքը եւ խաղաղությունը»։