«Վագներ» ՄՌԿ-ն պատրաստվում է ծանր ռազմական տեխնիկան հանձնել Ռուսաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներին, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունում, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
«Վագներ» ՄՌԿ-ն պատրաստվում է ծանր ռազմական տեխնիկան հանձնել Ռուսաստանի Զինված ուժերի գործող ստորաբաժանումներին»,- նշվել է հաղորդագրությունում։
Հունիսի 23-ի լույս 24-ի գիշերը «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինը պաշտպանության նախարարությանը մեղադրել է իր մարտիկների ճամբարին խփելու մեջ եւ խոստացել է պատասխան տալ։ Հունիսի 24-ի առավոտյան ՄՌԿ ուժերը շրջափակել են Հարավային ռազմական օկրուգի Դոնի Ռոստովի շտաբը եւ ուղղություն վերցրել դեպի հյուսիս, Մոսկվա։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է գործարարի մեղադրանքները եւ դրանք սադրանք անվանել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պրիգոժինի գործողություններն անվանել է դավաճանություն եւ նախազգուշացրել է, որ իրադարձությունների կազմակերպիչները պատասխանատվություն կկրեն։
Նույն օրը երեկոյան Պրիգոժինը բանակցություններ է վարել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որոնց արդյունքներով որոշվել է, որ «Վագների» շարասյուները կշրջվեն եւ հետ կդառնան մարտական ճամբարներ։ ՄՌԿ-ի հիմնադրին, ինչպես նշել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, խոստացել են, որ նա կկարողանա մտնել Բելառուս Պուտինի երաշխիքով։
ԱԴԾ-ն գործարարի դեմ քրեական գործ էր հարուցել զինված խռովության կազմակերպման փաստով (Քր.օր. 279 հոդված)։ Սակայն հունիսի 27-ին գործը դադարեցրել են, քանի որ մասնակիցները դադարեցրել են հանցագործության կատարմանն ուղղված գործողությունները, բացատրել են գերատեսչությունում։
«Վագների» մարտիկներին նախագահն առաջարկել է պայմանագիր ստորագրել պաշտպանության նախարարության (Պրիգոժինն ասել է, որ պաշտպանության նախարարության կողմն է անցել իր մարտիկների միայն 1-2 տոկոսը) կամ ուժային այլ գերատեսչությունների հետ, հեռանալ ծառայությունից եւ գնալ հարազատների մոտ կամ «անցնել Բելառուս»։ Պետության ղեկավարի կարծիքով՝ ՄՌԿ մարտիկներին պարզապես փորձել են օգտագործել։ Նրանց դեմ, ովքեր ի սկզբանե հրաժարվել են Պրիգոժինի Մոսկվա «արշավանքից», խոստացել են քրեական գործեր չհարուցել՝ հաշվի առնելով նրանց վաստակը, ասել են Կրեմլում։





























