«Վագներ» ռազմական մասնավոր խմբավորման ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովում էր պետությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։
«Նշեմ, որպեսզի բոլորն իմանան, որ այդ խմբի ֆինանսավորումն ամբողջությամբ ապահովվում էր պետական բյուջեից»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ միայն 2022 թվականի մայիսից 2023 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում պետությունը խմբավորմանը վճարել է 86 մլրդ 262 մլն ռուբլի։
Բացի այդ, Պուտինի խոսքով, 110 մլրդ 179 մլն ռուբլի է հատկացվել ապահովագրական վճարների համար։
Դիմելով զինվորականներին՝ Պուտինը նշել է, որ «մեծ հարգանքով են վերաբերվել այդ խմբավորման զինյալներին»։
«Նրանք իսկապես արիություն եւ հերոսություն են ցուցաբերել։ Ռուսական բանակի զինվորները, սպաները, կամավորներն աշխատել են մարտական պայմաններում մեծ անձնազոհությամբ։ «Վագներ»-ը երկրում հարգանք էր վայելում»,-հավելել է ՌԴ նախագահը։





























