Ժողովրդավարական ուղուց որեւէ շեղում Հայաստանն այլեւս իրավունք չունի արդարացնել ժողովրդավարության մանկական հիվանդություններով: Այդ մասին Եվրոպայի Խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից հայտարարել է հայաստանյան պատվիրակության անդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը` ելույթ ունենալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վերաբերյալ բանաձեւի նախագծի շուրջ:

«Այս ընթացքում Հայաստանն իրապես լուրջ ջանքեր գործադրեց հաղթահարելու  այն խնդիրները, որոնք վերջին շրջանում նաեւ Եվրոպայի Խորհրդի ուշադրության կենտրոնում էին։ Խնդիրներ,  որոնք  խոչընդոտում էին եվրոպական մեր առաջըթացին։ Ես  շնորհակալ եմ համազեկուցողներ  Ջոն Պրեսկոտին եւ Աքսել Ֆիշերին՝ իրենց կատարած լուրջ եւ պատասխանատու աշխատանքի համար։ Այո, վերջին տարիներին մեր երկիրն անցավ լուրջ փորձությունների միջով, բայց քաղաքական իշխանությունը կարողացավ կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ շարունակել երկրի ժողովրդավարական բարեփոխումները՝  հստակ քայլեր ձեռնարկելով երկրում առաջացած ճգնաժամը, հասարակության երկու հատվածների միջեւ ստեղծված անջրպետը հաղթահարելու համար»,- նշել է Զոհրաբյանը։

Նա նշել է, որ «մենք ուղղակի իրավունք չունեինք եւ չունենք մեր երկրում իրար հանդեպ թշնամանքով ու անվստահությամբ տրամադրված հասարակություն ունենալու»։

Ըստ պատգամավորի, բոլոր այդ քայլերն արվել են Եվրոպայի Խորհրդի հետ ամենասերտ համագործակցությամբ։ «Մենք ձեզ հետ միասին բաց եւ հրապարակային քննարկեցինք բոլոր խնդիրները, քննարկեցինք մարտյան ցավալի իրադարձությունների յուրաքանչյուր դրվագը։ Եւ ես համաձայն եմ համազեկուցողների հետ, որ պիտի շարունակել անել հնարավորը՝ տասը զոհերի մահվան հանգամանքները  պարզելու համար»։

Զոհրաբյանը նաեւ նկատել է, թե Հայաստանում այսօր քաղաքական մթնոլորտը բոլորովին այլ է: «Իհարկե, ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը դեռ ավարտված չէ, եւ մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Առջեւում մենք  լուրջ փորձություն ունենք՝ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, որոնց անցկացումից իրապես շատ բան է կախված։ Վենետիկի հանձնաժողովի հետ սերտ համագործակցությամբ մենք կրկին բարեփոխեցինք մեր Ընտրական Օրենսգիրքը, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ միայն քաղաքական կամքը կարող է նպաստել, որ կատարվի օրենքի տառը»,- նշել է պատգամավորն ու հավելել. «Այսօր, երբ մեր երկրում վերականգնվում է ներքին կայունությունը, ավելի քան հարմար պահ է ձեռնամուխ լինել առավել խորքային բարեփոխումների: Իսկ դրա համար կա բավարար կամք եւ բավարար աջակցություն թե՛ երկրի ներսում, թե՛ երկրի սահմաններից դուրս»:

«Մի քանի օր առաջ իմ երկիրը նշեց անկախության 20-ամյակը։ Իսկ դա նշանակում է, որ ժողովրդավարական ուղուց որեւէ շեղում մենք այլեւս իրավունք չունենք արդարացնելու ժողովրդավարության մանկական հիվանդություններով։ Եւ մենք հասկանում ենք այդ պատասխանատվությունը»,- արձանագրել է Զոհրաբյանն ու ավելացրել. «Եվրոպական արժեքները իմ երկրում այլընտրանք չունեն, որովհետեւ այդ արժեքները մեզ համար բնական արժեքներ են, եւ եվրոպական ինստիտուտների, Եվրոպայի Խորհրդի հետ համագործակցությամբ անցնելով այս ճանապարհը,  ես վստահ եմ, որ մենք անպայման ունենալու ենք եվրոպական մեր  հաջողությունը»։