«Էրմիտաժ» պաշտոնական հյուրանոցը Պետերբուրգում անցել է Ադրբեջանի սեփականությանը։ Դատելով «Ռոսռեեստրի» տվյալներից՝ հյուրանոցի նոր սեփականատերը «Ագրարկրեդիտ» ոչ բանկային կազմակերպությունն է՝ հիմնադրված Ադրբեջանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։ Սեփականության իրավունքն ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։ Այս մասին տեղեկացրել է «Фонтанка.ру»-ն։

Ընկերությունը նախատեսում է թարմացնել շենքի բարոյապես հնացած ներսակողմը եւ պահպանել հյուրանոցային բիզնեսը։ «Ֆոնտանկան» սեփականատիրոջ ներկայացուցչից իմացել է «Էրմիտաժ» հյուրանոցի ապագայի պլանների մասին։

«Ադրբեջանի ֆինանսների նախարարության եւ էկոնոմիկայի նախարարության որոշման համաձայն՝  դա նորից հյուրանոց է լինելու, այն մակարդակի, ինչ կա այսօր, կողմնորոշված ինչպես Ռուսաստանի ներքին տուրիզմի, այնպես էլ օտարերկրյա հյուրերի համար։ Մենք հույս ունենք, որ կկարողանանք պայմանավորվել «Էրմիտաժ» թանգարանի ղեկավարության հետ, որպեսզի պահպանվի լիցենզավորված անվանումը։ Մենք դիմում ենք պատրաստել,- «Ֆոնտանկային» ասել է Ադրբեջանում «Ագրարկրեդիտ» ընկերության ներկայացուցիչ Իզմիր Իսմայիլովը։ Ընկերությունը խոստացել է համոզիչ լինել, ցույց տալ իր բարի կամքն ու աջակցությունը Ադրբեջանի երկու նախարարությունների մակարդակով։ «Ցանկանում ենք ցույց տալ, որ հյուրանոցը ինչ-որ մասնավոր անձանց ձեռքում չի լինելու, ովքեր իրենց նպատակն են համարում օգտագործել այն, ինչ կար, այլ որ բոլոր ուժերն ուղղվեն զարգացմանը»,- ասել է Իսմայիլովը։ Նրա խոսքով՝ եթե անվանումը չպահպանվի, սեփականատերը հյուրանոցը կզարգացնի այլ անվան տակ՝ ՌԴ օրենսդրության համապատասխան։

«Ագրարկրեդիտի» ծրագրերում է հնացած ներսակողմի թարմացումը՝ ընդհանուր ոճի պահպանմամբ։ Նորոգման համար նախատեսված գումարի չափը ընկերությունը կորոշի գույքագրումից եւ հյուրանոցի ընթացիկ վիճակն ուսումնասիրելուց հետո։ Այս մասին որոշումը, ինչպես նշել է Իզմիր Իսմայիլովը, կընդունվի առաջիկա շաբաթներին, մինչ այդ հյուրանոցը կաշխատի նախկին ռեժիմով։ «Մենք հույս ունենք, որ նախորդ սեփականատերերն այն մեզ խաղաղ ճանապարհով կհանձնեն, սադրանքներ չեն լինի, չեն բոյկոտի գույքի հանձնումը եւ հեռանալով՝ ֆիզիկական եւ նյութական վնաս չեն պատճառի հյուրանոցին, նշել է Իսմայիլովը։

The Hermitage Hotel հյուրանոցը հիմնվել է 2008թ. սննդարդյունաբերության աշխատողների հրդեհից ոչնչացած Մշակույթի տան պատմական շենքի տեղում (Պրավդայի փողոց 10), ադրբեջանցի գործարար Էլշան Բաբաեւի «Միջազգային բալթյան ներդրումային ընկերության» (ՄԲՆԲ) կողմից, որն էլ շենքի սեփականատերն էր։ 2008-ից վերակառուցումը ֆինանսավորելէ «ՄԲԱ-Մոսկվա» բանկը (Ադրբեջանի միջազգային բանկի «դուստր» բանկն է)։ Հյուրանոցը գործարկվել է 2013թ., այն ստացել է Պետական Էրմիտաժի պաշտոնական հյուրանոցի կարգավիճակ, լիցենզիայի ավարտման ժամկետ նշված է 2028թ. մայիսը։

Չնայած կեցության բավական բարձր գներին (19 հազար մեկ օրվա համար 2023թ. հունիսի գներով), յոթ հարկանի հինգ աստղանի հյուրանոցը հեղինակություն էր վայելում զբոսաշրջիկների շրջանում. անցած տարի, երբ դեռ Ռուսաստանում աշխատում էր նախնական պատվերների booking.com հարթակը, հյուրանոցի վարկանիշը 9.6 էր։

Սեւ ամպեր հյուրանոց գլխին սկսեցին կուտակվել 2016թ., երբ Ադրբեջանի Միջազգային բանկը դիմեց արբիտրաժ Միջազգային բալթյան ներդրումային բանկի (ՄԲՆՄ) դեմ հայցով եւ պահանջեց անհապաղ մարել պարտքը արժութային պարտամուրհակներով, որոնք ընկերությունը տվել էր ռուսական բանկին եւ պարտավորվել վճարել վճարի ներկայացման դեպքում։ ՄԲՆԲ-ն հանդիպական հայց էր ներկայացրել, որտեղ նշել էր, որ համաձայնագրի, որը ստորագրվել է 2015թ., պայմաններով կողմերը պայմանավորվել են պարտամուհակները վճարել ներկայացման դեպքում, բայց մուրհակի կազմումից հինգ տարուց ոչ շուտ, եւ պահանջել է պարտավորեցնել բանկին ՄԲՆԲ-ին հանձնել մուրհակները։ Բողոքարկումների եւ բեկանումների շարքից հետո կողմերը կնքել են հաշտության համաձայնագիր. ՄԲՆԲ-ն ընդունել է պարտքը եւ խնդրել հետաձգել վճարումը։ «Համաձայնագիրը կնքվել է 2018թ., բայց չի կատարվել։ Ադրբեջանի միջազգային բանկը ստացել է կատարողական թղթերը եւ 2019թ. դրանք հանձնել դատական կարգադրիչներին,- «Ֆոնտանկային» ասել է «Ագրարկրեդիտ» ընկերության ներկայացուցիչը։ 2022թ. «Էրմիտաժ» հյուրանոցը  հանվել է աճուրդի 3,5 մլրդ ռուբլով, իսկ նրա տնօրեն Էլշան Բաբաեւը դարձել է քրեական գործի ֆիգուրանտ ՌԴ Քր օր. 177 հոդվածով՝ «վարկային պարտքերի մարումից չարամիտ հրաժարում»։ «Ինքը՝ Էլշան Բաբաեւը, ողջ-առողջ է, գնում է դատավարություններին եւ անգամ տնտեսական համաժողովների,- ասել են «Ագրարկրեդիտում»։ «Բաբաեւը կարող է բողոքարկել սեփականության փոխանցումը, բայց այդ պահանջի օրինականությամբ պետք է զբաղվի դատարանը»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Վերջին հինգ տարում ՄԲՆԲ ֆինանսական հաջողությունները մթագնել են. 2022թ. ընկերությունն ունեցել է 115 մլն ռուբլու հասույթ եւ տարին փակել է 42 մլն վնասով, չնայած դեռ 2018-ին զուտ շահույթը կազմում էր 4 մլն եւ հասույթը երկու անգամ ավելին էր՝ 344 մլն ռուբլի։