44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն։ Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նրա խոսքով՝ դա արվել է այն պատճառով, որ Ռուսաստանի դերն արձանագրված է համապատասխան գրավոր փաստաթղթերում, որոնց տակ ստորագրել են Հայաստանն ու Ադրբեջանը։
Երեկ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստում իշխող խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը հարց է ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այն մասին, թե արդյոք հնարավոր էր խուսափել պատերազմից՝ հաշվի առնելով որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմ էին ուզում, իսկ Ռուսաստանը ցանկանում էր ուժեղացնել ազդեցությունն ու իր խաղաղապահներին տեղակայել տարածաշրջանում։ Ընդ որում, Փաշինյանը չի մեկնաբանել պատերազմում Ռուսաստանի դերը։
«Այդ դերը որեւէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել, քանի որ հաստատված է անմիջապես հակամարտող կողմերի կողմից, եւ այդ հարցի շուրջ բացարձակ կոնսենսուս է ձեռք բերվել»,-ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետաքննությունը Հայաստանի ներքին գործն է։ «44-օրյա պատերազմում ՌԴ-ի գործողություններում չար դիտավորություն փնտրելու փորձերը կեղծ են եւ ապատեղեկատվություն»,-հավելել է Զախարովան։











