Քուվեյթը հետաքրքրված է բարեկամ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու հարցով, եւ այս երկրի ֆինանսների նախարարի Հայաստան այցելության ընթացքում ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում այդ հնարավորությունները հանգամանորեն քննարկվել են: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից: Նրանց փոխանցմամբ`Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի ֆինանսների  նախարար, Հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

«Մենք այս օրերին տեսանք, թե որքան օտարերկրյա ներդրումներ կան Հայաստանում: Դա եւս մեզ ոգեւորում է: Համոզված ենք, որ Հայաստանի տնտեսական ռազմավարությունը ճիշտ ուղղու վրա է եւ հաստատակամ ենք մեր երկկողմ հարաբերություններն ամրապնդել նաեւ տնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,-ասել է նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին: Համագործակցության համար հեռանկարային են համարվել հատկապես գյուղատնտեսության, ենթակառուցվածքների, զբոսաշրջության, էներգետիկայի,  առողջապահության եւ մի շարք այլ ոլորտներ: Երկուստեք կարեւորվել է քննարկումների արդյունքում ստորագրված` Հայաստանի եւ Քուվեյթի կառավարությունների միջեւ օդային հաղորդակցության մասին համաձայնագիրը, որը նոր հնարավորություններ կստեղծի երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալների մեծացման  համար: Երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդման տեսանկյունից զրուցակիցները կարեւորել են նաեւ Հայաստանում  դեսպանություն հիմնելու` Քուվեյթի կառավարության որոշումը, նշելով, որ  շուրջ մեկ տարուց ավելի Քուվեյթում բացված ՀՀ դեսպանության հետ միասին Քուվեյթի դիվանագիտական ներկայացուցչությունը զգալիորեն կնպաստի հայ-քուվեյթական կապերի սերտացմանը: