Ֆրանսիայում հարձակում է իրականացվել Ադրբեջանի հեռուստատեսության աշխատակիցների դեմ։ Այս առնչությամբ «Ադրբեջանի հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում» ՓԲԸ-ն տարածել է հայտարարություն, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հայտարարությունում նշվել է. «Ադրբեջանի հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում» ՓԲԸ աշխատակիցները ենթարկվել են հարձակման Ֆրանսիայում նկարահանումների ժամանակ։ Արդյունքում՝ թղթակիցը եւ օպերատորը վնասվածքներ են ստացել, իսկ տեսախցիկը խլել են նրանց ձեռքից եւ կոտրել։ Երբ աշխատակիցները պահանջել են վերադարձնել տեսախցիկը, նրանց սպառնացել են զենքով։ Որպես «Ադրբեջանի հեռուստատեսություն եւ ռադիոհեռարձակում» ՓԲԸ մենք վճռականորեն դատապարտում ենք տեղի ունեցածը, միջադեպը դիտարկում ենք որպես հարձակում ոչ միայն ադրբեջանցի լրագրողների, այլեւ խոսքի եւ կարծիքի արտահայտման ազատության, ազատ լրագրողական գործունեության դեմ։ Պահանջում ենք Ֆրանիսայի իրավապահ մարմիններից այս միջադեպի օբյեկտիվ հետաքննություն, զինված հարձակում կատարած անձանց պարզում եւ պատժում, անհրաժեշտ միջոցների ձեռնարկում հասցված վնասի փոխհատուցման համար»։
Մինչդեռ, թե ով է հարձակվել, որտեղ է տեղի ունեցել հարձակումը եւ ինչ հանգամանքներում, ում է մեղադրում Բաքուն՝ հայտնի չէ։





























