Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է, որ Հայաստանի գլխավոր խնդիրը, որից կախված է մեր ազգի գոյության ապագան, դա Հայաստանի դեմոգրաֆիկ վիճակի խնդիրն է եւ արտագաղթը: Այս մասին նա հայտարարել է այսօր` հոկտեմբերի 5-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքի իր ելույթում:

Նա  այդ խնդիրը դիտարկել հինգ հարթության վրա` պատմական հարթություն, Էմոցիոնալ, գենոֆոնդային, ազգի որակի, քաղաքական եւ ազգապահպանության, ազգի գոյատեւման հարթություն:

Տեր-Պետրոսյանը ներկայացրել է պատմության ընթացքում հայ ժողովրդի գլխին եկած դեմոգրաֆիական բոլոր աղետները` սկսած սելջուկյան արշավանքներից մինչեւ մեր օրերը:

«Արտագաղթը որպես երեւույթ անհատի առումով անձնական մեծագույն ողբերգություն է: Միջավայրի, լեզվի կտրուկ փոփոխություն: Մարդը կտրվում է իր հարեւաններից, բարեկամներից, իր լեզվով խոսող շրջապատից, իր ծնողների գերեզմանից եւ հայտնվում բոլորովին օտար միջավայրում:

Մենք ունենք սփյուռք եւ Հայաստան: Եւ մեկ ազգ ենք եւ ոչ: Որովհետեւ ապրում ենք տարբեր հոգսերով: Դրա գաղտնիքն ինձ համար բացել է դաշնակցական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանը: նա իր գրքում գրում է. «Ես ապշեցի` պոլսահայությունը` ազգասեր, հրաշալի մարդիկ, բայց հայրենասիրություն չտեսա»: Բուն հայրենիքի մասին, որ Եփրատի ափից կողմ է, մտածող չկա:

Սփյուռքը ազգասեր է, բայց հայրենասիրությունը բոլորովին այլ բան է: Եկեք չկոմպլեքսավորվենք, հույներն էլ ունեն իրենց սփյուռքը: Հայաստանի հայությունը պետք է իր հույսը դնի սեփական ուժերի վրա»,- ասել է Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքով, հիմնականում, Հայաստանից արտագաղթում են ուղեղները, մտավորականները:

«Արտագաղթում է ազգի սոցիալապես ակտիվ եւ պրոֆեսիոնալ հատվածը, լավագույն բանվորները, շինարարները, գյուղացիները: Այդ խոպանչիները երեւի հայ ժողովրդի ամենաաշխատասեր, ամենահմուտ մարդիկ են: Եւ գնում են ռիսկի պատրաստ մարդիկ, որոնք չեն վախենում օտարության դժվարությունից: Գնում են մերկ ձեռքերով, վստահ լինելով իրենց ուժերի վրա, որ կարող են ոտքի կանգնել:

Ռիսկի չդիմողը շատ դժվար է տեղից շարժվում: Ես սա թվարկում եմ, թե ինչպիսի որակներ ենք մենք կորցնում: Մեկ միլիոն մարդ կորցրել ենք, բայց պատահական մարդիկ չենք կորցրել: Սա մեր գենոֆոնդը վտանգող միտում է: Եւ եթե այսպես շարունակվի, մենք կդառնանք այլ որակի ազգ: Այսօր արդեն արդեն դառնում ենք. Կոմիտասին, Արամ Խաչատրյանին փոխարինել են թյուրքական մուղամները»,- նշեց ՀԱԿ առաջնորդը:

Անդրադառնալով արտագաղթի քաղաքական ասպեկտին, նա նշեց. «Արտագաղթում են քաղաքական ակտիվ զանգվածը: Շատերը զարմանում են, թե ինչու այսօրվա հանրահավաքների թափն այն չէ, ինչ 2008թ.: 2008 համաժողովրդական շարժման մասնակիցների կեսն արդեն այսօր Հայաստանում չէ:

Ես խորը կասկածներ ունեմ, որ Հայաստանի իշխանությունները նույնիսկ խրախուսում են արտագաղթը, որպեսզի տեր կանգնեն նրանց ունեցվածքին, դա համատարած է տեղի  ունենում: Հայաստանում մանր եւ միջին ձեռնարկատիրություն արդեն չկա:

Ես չեմ ուզում սարսափեցնել, բայց մեր ազգը ազգային աղետի առջեւ է կանգնած: Մենք վերանում ենք ուղղակի: Լյուքսեմբուրգ ենք դառնում լավագույն դեպքում:

40 տարի հետո կղզյակ կլինենք: Սա ոճիր էլ չէ, չեմ ուզում ցեղասպանություն բառն օգտագործել, բայց ուրիշ բառ դժվար է գտնել»:

Իր ելույթի վերջում Տեր-Պետրոսյանը նշել է, թե աղետի դեմն առնելու համար «պետք է ազատվել էս ավազակներից, էս գողերից, էս տականքներից»` ակնարկելով գործող իշխանություններին: