ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Բայդենի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսակցության անհրաժեշտություն չի տեսել «Վագներ» ՄՌԿ-ի խռովության փորձի ֆոնին, տեղեկացրել է Politico թերթը։

Նրա տվյալներով՝ Վաշինգտոնը Մոսկվայի հետ կապվել է սովորական դիվանագիտական խողովակներով՝ տեղեկացնելով, որ Սպիտակ տունը իրավիճակը դիտարկում է բացառապես որպես Ռուսաստանի ներքին գործ եւ ԱՄՆ-ն մտադիր չէ վերանայել իր զորքերի կամ ՆԱՏՕ ստորաբաժանումների դիրքերը։ Ամերիկյան կողմն ընդգծել է, որ Բայդենի եւ Պուտինի կամ այլ բարձրաստիճան անձանց ուղիղ բանակցությունների անհրաժեշտություն չկա։

«Արվել է հնարավոր ամեն բան, որպեսզի Ռուսաստանը դրանում ամերիկյան հետք չտեսնի»,- պարբերականին ասել է Eurasia Group քոնսալթինգային ընկերության ղեկավար Յան Բրեմերը։ Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ի համար շահեկան էր Մոսկվային հասցնել, որ իր նպատակը Ուկրաինային աջակցելն է, ոչ թե իշխանափոխությունը կամ Ռուսաստանի ոչնչացումը»։

ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հաստատել է, որ Վաշինգտոնն ունի Մոսկվայի հետ կապի խողովակներ, որոնք սովորաբար օգտագործվում են կարեւոր տեղեկությունների փոխանցման համար։ Նա նշել է, որ պետդեպարտամենտը կոչ է արել Ռուսաստանի տարածքում գործող ԱՄՆ դիվանագիտական կորպուսին չհեռանալ իրենց նստավայրերից, ինչը, նրա խոսքով, զուտ զգուշության միջոց է։

Հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» ՄՌԿ-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինն իր Թելեգրամ-ալիքում  հանդես է եկել պնդմամբ, որ իր ստորաբաժանումներին հարվածներ են հասցվել, եւ դրանում մեղադրել է ՌԴ ռազմական ղեկավարությանը։ Պաշտպանության նախարարությունում այս տեղեկությունը կեղծ են անվանել։ Պրիգոժինին աջակցող ստորաբաժանումներն ուղղվել են դեպի Դոնի Ռոստով եւ Մոսկվա։ ԱԴԾ-ն գործ է հարուցել զինված խռովության կոչելու համար։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռուստաուղերձում «Վագների» գործողություններն անվանել է դավաճանություն։

Ավելի ուշ Պուտինի հետ համաձայեցմամբ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Պրիգոժինի հետ բանակցություններ է վարել, որոնց արդյունքներով ՄՌԿ-ն հետ է շրջել շարասյուները եւ վերադարձել դաշտային ճամբարներ։ Կրեմլում ավելի ուշ ճշտել են, որ իշխանությունները չեն հետապնդի այն վագներականներին, որոնք մասնկացել են խռովությանը՝ «հաշվի առնելով նրանց վաստակը ճակատում»։ Զինված խռովության քրեական գործը  կարճվել է, տեղեկացրել են ԱԴԾ-ում։ Ավելի ուշ Լուկաշենկոն տեղեկացրել է, որ Պրիգոժինին առաջարկել է լքված զորամասերից մեկը Բելառուսում՝ «Վագների» ճամբարի համար։ Նա խոստացել է նաեւ լիակատար անվտանգություն եւ ՄՌԿ ուժերի դուրսբերում Բելառուս։