Ռուս գեներալ Սերգեյ Սուրովիկինը ձերբակալվել է «Վագներ» ՄՌԿ-ի վարձկանների անհաջող խռովությունից հետո։ Նրան կասկածում են ապստամբության ժամանակ Եվգենի Պրիգոժինի կողմն անցնելու մեջ, հայտնում է Financial Times-ը։
«Ռուս բարձրաստիճան գեներալ Սուրովիկինից, ով, ինչպես հայտնի է, լավ հարաբերություններ ուներ «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ, մի քանի օր ոչ մի հաղորդագրություն չկար: Նրան ձերբակալել են»,–գրում է թերթը՝ վկայակոչելով այս հարցին ծանոթ երեք անձանց։
Ի դեպ, դեռեւս պարզ չէ, թե արդյոք Սուրովիկինը մեղադրվել է շաբաթ Պրիգոժինի գլխավորած ապստամբությանը մասնակցելու համար, թե՞ նրան պարզապես ձերբակալել են հարցաքննության համար։
Հրատարակությունը գրում է, որ Մոսկվայի վերնախավի անդամները հայտարարել են, որ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը սկսել է անվտանգության ծառայությունների ղեկավար կազմի «զտման գործընթացը», քանի որ բռնապետը փորձում է ճնշել քննադատների դիմադրությունը, վերականգնել կարգն ու իր հեղինակությունը Ռուսաստանում վերջին երեք տասնամյակում տեղի ունեցած առաջին պետական հեղաշրջման փորձից հետո։
«Պուտինը գիտեր [Պրիգոժինի ծրագրերի մասին] նախօրոք, ինչպես հասկանում ենք, դրա համար կարող էր ինչ-որ չափով պատրաստվել։ Նա կարող էր տեսնել՝ ով, ինչ է արել այդ օրը։ Եվ այժմ զբաղվում է զտմամբ», - հրատարկությանն ասել է արեւմտյան աղբյուրը։
Պաշտոնյան նաեւ ասել է, որ Սուրովկինը ձերբակալվել է, հավելելով, որ «կլինեն շատ մարդիկ, որոնք նույն բախտին կարժանանան»։
Չնայած նրան, որ Սուրովկինին ավելի ցածր պաշտոնի են նշանակել (ավելի վաղ նա գլխավորում էր ՌԴ զորքերը Ուկրաինայում), նա Ռուսաստանում ավելի կոշտ ռազմականամետ համայնքի ֆավորիտն էր եւ այս գարնանը սկսել էր գործել որպես «Վագների» վերահսկող։
Երբ Պրիգոժինի կոնֆլիկտը Մոսկվայի ռազմական ղեկավարության հետ սրվում էր, ենթադրվում էր, որ Սուրովիկինը հանդես էր գալիս որպես միջնորդ:
Այն բանից հետո, երբ ուրբաթ երեկոյան Մոսկվայում հակամարտությունը վերաճեց զինված ապստամբության՝ ընդդեմ պաշտպանական վերնախավի, Սուրովիկինը կարճ հայտարարությամբ հանդես եկավ, որում կոչ էր անում «Վագներ»-ի վարձկաններին վայր դնել զենքերը։ Հետո նա անհետացավ։
«Նա տանը չէ։ Ոչ նրա, ոչ նրա անվտանգության աշխատակիցների հետ ոչ մի կապ չկա», - FT-ին չորեքշաբթի ասել է իրավիճակին ծանոթ մարդկանցից մեկը։
Լրատվամիջոցները գրում են, որ Սուրովկինը նաեւ վիճաբանություն ուներ ՊՆ ղեկավարության հետ Ուկրաինայում մարտավարության եւ ռազմավարության հարցի վերաբերյալ, ինչը հանգեցրել էր նրան, որ Պուտինը նրան մի քանի ամսից ռուսական ներխուժման ղեկավարի պաշտոնից ավելի ցածր պաշտոնի էր նշանակել։
Իր հերթին Կրեմլը հրաժարվել է պատասխանել Սուրովիկինի վերաբերյալ որեւէ հարցի եւ լրագրողներին հայտնել, որ նման հարցերը պետք է մեկնաբանի Պաշտպանության նախարարությունը։





























