Ռուսաստանը հուսով է, որ Վարշավայում կայացած Արեւելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակում, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ համանախագահների շփումներն անհրաժեշտ ազդակներ կհաղորդեն ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացին` դինամիկայի առումով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 5-ին,  Մոսկվայում կայացած ճեպազրույցում հայտարարել է  Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկյացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը` ավելացնելով, որ ներկայումս տեղեկատվություն չունի հետագա շփումների եւ բանակցությունների մասին:

«Կարծում եմ` այդ մասին առայժմ վաղ է խոսել: Ես չունեմ ճշգրիտ տեղեկություն նախագահական եւ նախարարական մակարդակներով առաջիկա հանդիպումների մասին: Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն աշխատում են տարածաշրջանում: Գիտեք, որ վերջերս նրանք հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` նշելով  տարծաշրջանում իրավիճակի նորմալացման ուղղությամբ լրացուցիչ քայլեր ձեռնարկելու պատրաստակամության մասին: Հուսանք, որ այդ ջանքերն արդյունքների կբերեն կարգավորման համատեքստում»,-նկատել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: