Եթե Փաշինյանը ճիշտ է ասում, որ բանակն ինչ իրենից ուզել է, ինքը տվել է, դա ծանրագույն մեղադրանք է իր հասցեին: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Մարդ ասում է՝ ինչ ուզել են՝ տվել եմ, ու ասում է՝ ես եղել եմ մոդերատոր: Պատկերացրեք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Ստալինն ասեր՝ ես մոդերատոր եմ եղել, լսել եմ ու ասել եմ՝ ինչ ուզում եք՝ կտամ, մեդալ եք ուզում՝ կտամ, կասկա եք ուզում, կտամ: Սրանից ավելի ծանր մեղադրանք երկրի ղեկավարի հասցեին չի կարող հնչել: Ու սա ասում է ինքը, որպես ինքնախոստովանական ցուցմունք: Փոխանակ ղեկավարես պատերազմը, ասում ես՝ ես մոդերատոր եմ եղել: Եթե նման բան հնչեր իր հակառակորդների կողմից, ինքը պետք է հերքեր, բայց հիմա ինքն է հպարտորեն դա ներկայացնում:

Եթե ռազմական գործողություններում որեւէ տեղ եղել է բալագան, դրա թիվ մեկ պատասխանատուն դու ես: Ես դեռ պատերազմից առաջ, երբ արդեն երեւում էր, մոր իրավիճակը լարվում է, ես գրառում էի արել՝ նշելով, որ աղետը պատերազմը չէ, աղետը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պատերազմի գնալն է»,-հայտարարեց Արգիշտի Կիվիրյանը:

Որպես մանիպուլյացիայի օրինակ քաղաքական վերլուծաբանը բերեց այն դրվագը, որ երբ Նիկոլ Փաշինյանինն հարցնում են, թե ինչու են բունկերում գտնվել Պատրոն Դավոն ու իր կինը, ինքը փոխանակ այդ հարցին պատասխանի, ասում է՝ իսկ այդ հարցը բարձրացնող անձն ինչո՞ւ է գտնվել բունկերում (խոսքը գեներալ Մովսես Հակոբյանի մասին է-խմբ). «Նաեւ ավելացնում է, թե դեռ պետք է պարզել, արդյոք այդ անձը իրավունք ուներ գտնվել բունկերում, թե ոչ: Իսկ ո՞վ պետք է պարզի, պատերազմից անցել է 3 տարի, նոր երկրի ղեկավարն ասում է, որ պետք է այդ հարցը պարզել: Փաստորեն երեք տարում չի կարողացել պարզել»: