Ուկրաինան և նրա գործընկերները հայց են ներկայացնում Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Իրանի՝ 2020 թվականի հունվարին իրանական զինուժի կողմից ուկրաինական միջազգային ավիաուղիների մարդատար ինքնաթիռը խոցելու համար։ Այս մասին ասված է PS752 չվերթից տուժածներին օգնության համակարգման միջազգային խմբի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Ուկրաինայի ԱԳՆ-ն, փոխանցում է ZN.ua-ն։
«Համակարգող խումբը մտադիր է շարունակել իր հավաքական ջանքերը՝ երաշխավորելու, որ Իրանը պատասխանատվության կենթարկվի «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» PS752 չվերթի անօրինական խոցման համար՝ վեճը որքան հնարավոր է շուտ ներկայացնելով Արդարադատության միջազգային դատարան», - ասվում է հայտարարության մեջ: Նշել է, որ Համակարգող խմբի և Իրանի միջև համաձայնություն չի ձեռք բերվել արբիտրաժ կազմակերպելու վերաբերյալ՝ համաձայն Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ապօրինի գործողությունները ճնշելու մասին կոնվենցիայի 14-րդ հոդվածի։
«Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ»-ի Boeing 737-800 ինքնաթիռը, որը թռչում էր Կիև, կործանվել է Թեհրանի օդանավակայանից թռիչքից անմիջապես հետո՝ 2020 թվականի հունվարի 8-ին վաղ առավոտյան: Զոհվել է 176 մարդ՝ Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ։ Իրանցի զինվորականները հունվարի 11-ին հայտարարեցին, որ ուկրաինական Boeing-ը խոցվել է պատահաբար, մեղքը մարդկային գործոնն է. ինքնաթիռը թռել է իրանական ռազմական օբյեկտի մոտ և ընկալվել որպես «թշնամու թիրախ», ավելի կոնկրետ՝ թեւավոր հրթիռ: Միաժամանակ Իրանը նշել է, որ իրենք ակնկալում էին հարձակում ԱՄՆ-ից, ինչի կապակցությամբ երկրի հակաօդային պաշտպանության համակարգերը դրվել էին լիարժեք պատրաստության։
Անցյալ տարի Թեհրանի մերձակայքում ուկրաինական մարդատար ինքնաթիռի կործանման մեջ ներգրավված 10 պաշտոնյաների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։





























