Բաքուն Իրանի համար հետախուզական աղբյուր է` կեղտոտ փողերի լվացման կենտրոն եւ թմրանյութերի շրջանառության վայր է, ասված է WikiLeaks-ի հրապարակած հերթական գաղտնի հաղորդագրություններից մեկում, նշում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Մարտի 6-ին, Վաշինգթոն ուղարկած գաղտնի հաղորդագրության մեջ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան Էնն Դերսը գրում է, որ Ադրբեջանում գործունեություն են ծավալել իրանցի գործարարները, եւ նրանք կապեր ունեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Ադրբեջանում գործունեություն են ծավալել իրանական ծագում ունեցող ընկերություններ եւ գործարարներ, որոնք կապեր ունեն իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի եւ հատուկ ծառայության` ԷԹԹԵԼԱԱԹ-ի հետ: Բաքվի կենտրոնական փողոցներում իրանական խանութներ են գործում»,-ասված է հեռագրում:
Բացի այդ, ամերիկացի դիվանագետը նշում է, որ Իրանից Եվրոպա թմրամիջոցների շրջանառությամբ զբաղվող «մարդը» Բաքվում է «նստում»: «Իրանցի գործարար Սաբիր Շահինը Ադրբեջանում եւ Ռուսաստանում զբաղվում է թմրավաճառությամբ: Նա պահեստ ունի Բաքվի Կառլ Մարքսի անվան փողոցում: Գործարարն Ադրբեջանի վրայով Իրանից թմրանյութեր է տեղափոխում ռուսական եւ եվրոպական շուկաներ», ասված է հաղորդագրության մեջ, մեջբերում է «Ազադլըգ»-ը:



























