Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպան Նարիման Ալ-Մուլլան Հայաստանի եւ Էմիրությունների միջեւ հարաբերություններն ամուր է համարել եւ ընդգծել, որ այդ հարաբերությունները պատմական դարաշրջան են թեւակոխում:
Ինչպես հայտնում է Արաբական Միացյալ Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը, դեսպանը ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ նշել է, որ կարեւորում է երկու երկրների ձգտումն՝ ամրապնդել իրենց պատմական համագործակցությունը ՝ ի շահ այդ երկրների եւ ժողովուրդների: Նարիման Ալ-Մուլլայի խոսքով՝ Հայաստանն ու ԱՄԷ-ն շահագրգռված են երկկողմ հարաբերությունների ամրապնդմամբ՝ հատկապես տնտեսական, առեւտրային եւ ներդրումային ոլորտներում:
WAM-ի հրապարակման մեջ նշվում է՝ դեսպանն ընդգծել է, որ ԱՄԷ-ի եւ Հայաստանի ղեկավարության առաջադրանքների համաձայն՝ փոխադարձ տնտեսական գործընկերությունները շարունակական աճ են գրանցում՝ երկու երկրների շուկաներում ավելի մեծ հնարավորություններ ստեղծելով գործարար համայնքի եւ մասնավոր հատվածի համար: Նա հավելել է, որ ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ կան խոստումնալից հեռանկարներ մի քանի ոլորտներում, որոնք դրական ազդեցություն կունենան տվյալ երկրների վրա: Այս ոլորտներն են առողջապահությունը, դեղագործությունը, անշարժ գույքի զարգացումը, ենթակառուցվածքներն ու լոգիստիկան, հեռահաղորդակցությունը, գյուղատնտեսությունը եւ այլն: Ըստ հրապարակման՝ դեսպանը վերահաստատել է դեսպանության հանձնառությունը՝ խթանելու տնտեսական եւ առեւտրային կապերը՝ բոլոր ոլորտներում։
Ալ-Մուլլան նաեւ կոչ է արել բիզնեսին՝ օգտվել ազգային տնտեսության կողմից տրամադրված առավելություններից եւ խթաններից՝ ԱՄԷ-ի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի շուկաներում հետագա աճի եւ ընդլայնման հասնելու համար:
Դեսպանը վերահաստատել է 2023 թվականի նոյեմբերին ԱՄԷ-ում «Expo City Dubai»-ում կայանալիք COP28 կլիմայական համաժողովի կարեւորությունը կլիմայի գլոբալ գործողությունների ակտիվացման համար եւ ողջունել Հայաստանի մասնակցությունն այս առանցքային միջազգային համաժողովին:
WAM-ի հրապարակման մեջ նշվում է, որ 2023 թվականին ԱՄԷ-ն եւ Հայաստանը նշում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը ՝ 1998 թ. հունիսի 25-ին Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրումից հետո: Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը բացվել է 2000 թվականին, իսկ Երեւանում ԱՄԷ դեսպանությունը բացվել է 2015 թվականին: Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը նույնպես բացվել է 2017 թվականին: ԱՄԷ-ի եւ Հայաստանի միջեւ երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զգալի զարգացում են ապրել, իսկ երկու երկրների պաշտոնատար անձանց միջեւ փոխայցելություններն ու հանդիպումները հանգեցրել են հետագա համագործակցության:





























