Սյունիքի մարզի Իշխանասար համայնքում մեկնարկել են գյուղատնտեսական աշխատանքները, հակառակորդը կրակոցներով այս ընթացքում դեռ չի խանգարել աշխատանքներին:
Համայնքի ղեկավար Մարատ Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում պատմեց, որ աշխատանքները բնականոն հունով են ընթանում:
«Վարելահողերը դիրքերից հեռու են, միայն խոտհարքներն են իրենց նշանառության տակ, վտանգավոր է այդ մասում աշխատանքներ կատարել: Անցած տարի մարդիկ որ գնացել են խոտը քաղեն, բերեն թշնամին կրակել , ու մեր տրակտորը, ու մամլիչ մեքենան մնացել է այնտեղ, չենք բերել, ճիշտն ասած փորձ էլ չենք արել, որովհետեւ չգիտենք՝ կկրակեն, թե՝ ոչ, ոչ էլ իրենք են տարել, այդպես մնացել է միջդիրքային հատվածում: Գյուղտեխնիկան գյուղացուն է պատկանում, դիմում ենք գրել, որ փոխհատուցեն, դեռ չեն տվել: Այդպես էլ մնացել է, ոչ հետ են բերել, ոչ փոխհատուցել»,-ասաց նա:
Համայնքապետը պատմեց, որ գյուղում կյանքը նորմալ հունով է ընթանում, գյուղից արտագաղթողներ չկան:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերյան եռօրյա ռազմական գործողություններից հետո թշնամին առաջ է եկել Իշխանասարի ուղղությամբ, դրա հետեւանքով գյուղօգտագործման որոշ տարածքներ հայտնվել են թշնամու նշանառության տակ:





























