Լուրջ հակասություններ կան Բաքվի թեզերում։ Այս մասին այսօր՝ հուլիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Նրա խոսքով՝ բոլոր միջազգային հարթակներում ադրբեջանական կողմը ՝ ի դեմս իր նախագահի, խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղ չկա։ Հետեւաբար, չկա նաեւ ղարաբաղյան խնդիր։ «Այսինքն դրանից բխում է, որ ոչինչ պետք չէ որոշել։ Հիմա նրանք մի կողմից հայտարարում են, որ ղարաբաղյան խնդիր չկա, մյուս կողմից, որ այն պետք է լուծել «վրեժ 2» հատուկ գործողության միջոցով։ Ստացվում է, որ Ադրբեջանի իշխանությունները լուրջ հակասություններ ունեն նախկինում հնչեցրած հայտարարություններում եւ թեզերում»,-ասաց նա։
Միաժամանակ նա չբացառեց Բաքվի կողմից հարցի ուժային լուծման հնարավորությունը։ «Միանգամայն հնարավոր է, որ մոտ ժամանակներս ինչ-որ բան պայթի։ Նրանց բոլոր սադրանքները ցույց են տալիս դա։ Եվ այդ սադրանքների նպատակը մեկն է՝ ուժի միջոցով ղարաբաղյան հարցի հերթական լուծումը։ Այո, նրանք հաղթանակ տարան վերջին պատերազմում, սակայն Ադրբեջանն այդպես էլ չհասավ իր բաղձալի նպատակին։ Չէ որ նրանք, ըստ էության, այդպես էլ չլուծեցին այդ հարցը»,-նշեց պատգամավորը։











