Google-ը հարգում է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի հիշատակը:

Աշխարհում ամենախոշոր որոնողական կայքի` Google-ի գլխավոր էջում, այսօր` հոկտեմբերի 6-ին, որոնման տողում հայտնվել է հետեւյալ գրությունը. «Steve Jobs, 1955-2011»:

Սթիվ Ջոբսի անվան վրա սեղմելիս, բացվում է Apple ընկերության կայքը, որի գլխավոր էջում տեղադրված է Ջոբսի մեծ լուսանկարը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ այսօր՝ հոկտեմբերի 6-ին կյանքի 56-րդ տարում մահացել է Apple ընկերության հիմնադիր, միլիարդատեր Սթիվ Ջոբսը: Աշխարհի մեծագույն գործարարներից մեկին այդպես էլ չհաջողվեց հաղթահարել քաղցկեղը, որը տարիներ շարունակ հյուծել էր նրա օրգանիզմը:

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել էր 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Մանկությունը եւ պատանեկությունը անցել է Փոլ Ջոբսի եւ Կլարա Ջոբսի (Կլարա Հակոբյան) ընտանիքում, ովքեր որդեգրել են նրան: 1970-ականներին նա Սթիվ Վոզնյակի հետ ստեղծել է առաջին կոմերցիոն համակարգիչներից մեկը:

Կորցնելով պաշտոնը տնօրենների խորհրդի հետ պայքարում 1985 թվականին Ջոբսը հեռացավ Apple-ից եւ հիմնադրեց NeXT համակարգչային ընկերությունը: 1997 թվականին Սթիվ Ջոբսը վերադարձավ Apple, դառնալով ժամանակավոր գործադիր տնօրեն՝ միացնելով Apple-ը NeXT-ի հետ: Ըստ «Fortune» ամսագրի Սթիվ Ջոբսը ճանաչվեց որպես 2007 թվականի ամենաազդեցիկ գործարար եւ մտավ 2009 տվականի «թոփ-մենեջերների» ցուցակի մեջ: Նրա ստեղծած IPad պլանշետները, iPod փլեյերները, iPhone հեռախոսներն ու Mac համակարգիչները հեղափոխություն էին տեխնիկայի ոլորտում:

Վերջին տարիներին նա տառապում էր քաղցկեղով եւ ինտենսիվ բուժում ստանում, իսկ ամիսներ առաջ լքել էր Appel-ի գործադիր տնօրենի պաշտոնը՝ այն հանձնելով Թիմ Քուկին: