Եթե իշխանություններն այսօր ի վիճակի չեն Արցախի հարցում այլընտրանքի մասին խոսել, սա այնպիսի ազգային գոյատեւական խնդիր է, որ նրանք պետք է համարձակություն ունենան բանակցությունները հանձնարարեն այլոց: Այս մասին, այսօր՝ հուլիսի 4-ին, Կենտրոն վարչական շրջանի նստավայրում «Հայաքվե» նախաձեռնության ստորագրահավաքին միանալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

«Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, ես վստահեցնում եմ ձեզ, 2-3 ամսվա ընթացքում կտրուկ կարելի է իրավիճակի մեջ փոփոխություն մտցնել: Բայց այստեղ մի քանի նախապայման կա. այդ լիազորությունը պետք է լինի 100 տոկոսանոց: Երկրորդ, Փաշինյանը երեք ամիս պետք է լռի, ուղղակի չխոսի ոչ մի տեղ: Այնքան վնաս, ինչքան Հայաստանին ու հայ ժողովրդին տրվել է Փաշինյանի խոսելու արդյունքում, նման այլ բան չկա: Փաշինյանի խոսելը մեր գլխին բերել է պատերազմ, պատերազմից հետո Փաշինյանը խոսելը այդ ամենն ավելի է խորացրել: Այսօր նրա խոսելը ավելի է բարդացնում իր վիճակը եւ օրեցօր ավելի է դժվարացնում իրավիճակ փոխելը»,-ասաց Օսկանյանը:

Այնուհետեւ նա մանրամասնեց իր առաջարկը. «Առաջինը, որ լիազորություն տրվի մի խումբ դիվանագետների եւ ես պատասխանատվություն կվերցնեմ այդտեղ 2-3 ամսում կտրուկ իրավիճակ փոխելու: Այդ բանակցային խումբը հիմնական մի քանի բան է անելու: Առաջին, շատ արագ պետք է փոխել բանակցությունների տրամաբանությունը եւ նարատիվը: Մենք բանակցում ենք ոչ թե անարդար պատերազմի արդյունքում ստեղծված ոչ հավասար պայմաններում ինչ-որ հապճեպ, պատերազմի սպառնալիքի տակ գնալ հարցի լուծման՝ խաղաղության պայմանագիր ստորագրելով, այլ մենք մտնում ենք բանակցությունների մեջ, այո, անարդար պատերազմի արդյունքում, ոչ հավասար պայմաններում որոնելու այն ճիշտ ճանապարհները, որը հնարավորություն կստեղծի Հայաստանին եւ Ադրբեջանին հասնելու արդար ու կայուն խաղաղության: Այս նուրբ տարբերակումը պետք է արվի եւ դա առաջին կարեւոր քայլն է բանակցային նարատիվը փոխելու համար:

Երկրորդ, պետք է ընդլայնել այսօր առկա բանակցային օրակարգը: Այսօր բանակցային օրակարգում հայկական պահանջ չկա, այնտեղ կան միայն Ադրբեջանի պահանջները: Հայկական պատվիրակությունը Վաշինգտոնում եւ այլուր բանակցում է միայն ու միայն Ադրբեջանի պահանջներին այնպիսի փաթեթավորում տալ, որ որը ընկալելի կլինի հայ ժողովրդի համար: Այսինքն գան ասեն՝ դա այդպես չէ, սա նշանակում է, որ դեռեւս ինչ-որ հույսեր կան: Ընդամենը աշխատում են, որ Ադրբեջանը պահանջները բավարարած լինելով հանդերձ, այնպիսի փաթեթավորում տան, որ հայ ժողովրդի համար ընկալելի լինի: Ադրբեջանը նույնիսկ դա թույլ չի տալիս: Ադրբեջանն ուզում է իր պահանջներն այնպես գրվեն, որ տարաբնույթ մեկնաբանությունների հնարավորություն էլ չլինի: Այսօր  բանակցությունները գնում են դրա շուրջ»,-ասաց ԱԳ նախկին նախարարը: