«Վագներ» ՄՌԿ ղեկավար Եվգենի Պրիգոժինին վերադարձրել են Սանկտ Պետերբուրգում խուզարկության ժամանակ գտած 10 մլրդ ռուբլին։ Այս մասին տեղեկացրել է «Фонтанка.ru» պետերբուրգյան պարբերականը։

Պարբերականի տեղեկացմամբ՝ հուլիսի 2-ի երեկոյան Պրիգոժինին վերադարձրել են 10 մլրդ ռուբլի, հարյուր հազարավոր դոլարներ եւ հինգ ոսկե ձուլակտոր։

Հանձնման ժամանակ գործարարը ներկա չի եղել եւ, ըստ նախնական տվյալների, գտնվել է Մոսկվայում։ Մինչ այդ առգրաված միջոցները եկել է վերցնելու Պրիգոժինի վարորդը՝ լիազորագրով, գրել է «Ֆոնտանկան»՝ նշելով, որ հազիվ թե նա հաշվել է ամբողջ 10 մլրդ-ն, քանի որ մի քանի բանկային մեքենաների օգնությամբ դա առնվազն կես օր կտեւեր։

Հունիսի 24-ին «Վագների» խռովության ժամանակ իրավապահները սպիտակ «Գազելում, «Տրեզինի» հյուրանոցի մոտ, հայտնաբերել էին 4 մլրդ ռուբլի կանխիկ՝ կապված «Վագներ» ՄՌԿ հիմնադիր Եվգենի Պրիգոժինի հետ։ Գործարարը հաստատել է, որ ուղիղ կապ ունի այդ փողերի հետ եւ ավելացրել է, որ եւս երկու ավտոբուս ունի։ Նրա խոսքով՝ դրանք նախատեսված են եղել իր մասնավոր ռազմական ընկերության աշխատակիցների աշխատավարձերի վճարման եւ փոխհատուցումների համար։

«Ֆոնտանկայի» տվյալներով՝ նույն օրը River Palace հյուրանոցի  ստորգետնյա կայանատեղիում մինիվենում գտել են եւս 80 տուփ՝ վեց միլիարդ ռուբլով, իսկ ոսկու ձուլակտորները եւ դոլարները գտնվել են Պրիգոժինի բիզնեսի հետ կապված գրասենյակներում։