Իրաքը պատրաստ է Իրանի հետ միասնական երկաթուղային ցանց ստեղծելու նախագիծ սկսել և սպասում է 2023-25 թվականների` վերջերս հաստատված պետական բյուջեի ֆինանսավորմանը։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտնել է երկրի տրանսպորտի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շազա Ռադան։
«Նախարարությունը սպասում է պետբյուջեով նախատեսված միջոցների ստացմանը, որպեսզի սկսի Իրանի հետ երկաթուղային ցանցերը միացնելու նախագծի իրականացումը»,- ասել է Ռադան։
Նրա խոսքով` անհրաժեշտ է նաև «լուծել բոլոր ընթացակարգային հարցերը և ավարտել իրանական կողմի հետ համաձայնագրերի ստորագրումը»։ Այս պահին արձանագրություն է ստորագրվել երկաթուղային սահմանային անցակետ ստեղծելու մասին, պայմանագիր է ստորագրվել նաեւ Շատ ալ Արաբ գետի վրայով երկաթուղային կամրջի կառուցման մասին։
Իրաքը նախատեսում է նախագծին մասնակցել ցանկացող ընկերությունների համար մրցույթ հայտարարել, ասել է տրանսպորտի նախարարության ներկայացուցիչը։





























