Ադրբեջանական Սոյուդլու գյուղում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ 11 մարդ է ձերբակալվել։
«Սոյուդլու» քաղաքացիական հասարակության աշխատանքային խմբի անդամ Սամեդ Ռահիմլին Turan-ին հայտնել է, որ ձերբակալվածները վարչական կարգով տեղափոխվել են Ադրբեջանի ՆԳՆ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն: Նրա խոսքով՝ այդ անձանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կամ նրանք Բաքու են բերվել ապօրինի։
Նրանցից 8-ը ենթարկվել են վարչական կալանքի՝ «հանդիպումների կազմակերպման եւ անցկացման կանոնները խախտելու համար»։ Եվս երեքին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ ներգրավվածության համար։ Ձերբակալվածներին պաշտպանելու համար վերաքննիչ բողոքներ են նախապատրաստվել, սակայն գյուղացիների հարազատները հրաժարվել են պայմանագրեր կնքել իրենց առաջարկված փաստաբանների հետ։ «Հետևաբար, մենք չկարողացանք բողոքներ ուղարկել, և բողոքարկման ժամկետները բաց թողնվեցին։ Գյուղացիներն ու ձերբակալվածների հարազատները հրաժարվել են մեր առաջարկած իրավաբանական օգնությունից»,- ասել է Ռահիմլին։ Գործակալությանը չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ ՆԳՆ-ից։
Հունիսի 20-ին Սոյուդլուի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել՝ պնդելով, որ մոտակայքում գտնվող ոսկու արդյունահանման ձեռնարկությունն աղտոտում է շրջակա միջավայրը։ Ոստիկանությունը բռնությամբ ցրել է բողոքի ակցիան։ Ցրման արդյունքում տուժել է 10 մարդ, հինգը կալանավորվել են և 20 օր վարչական կարգով ձերբակալվել։ Մեկ այլ բնակիչ էլ տուգանվել է։ Ավելի ուշ բերման են ենթարկվել ևս մի քանի հոգի։ Սակայն իրավապահ մարմինները չեն հայտնում բերման ենթարկվածների թիվը։




























