Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ Գերաշնորհ Արքեպիսկոպոս Ժոզե Ավելինո Բեթենկուրին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է վարչապետի աշխակազմից:

Վարչապետը բարձր է գնահատել ՀՀ կառավարության եւ Սուրբ Աթոռի միջեւ համագործակցությունը եւ նշել, որ հայկական կողմը շահագրգիռ է հետեւողականորեն զարգացնել ու ամրապնդել կապերը Վատիկանի հետ՝ հիմնված քրիստոնեական արժեքների եւ մշակութային ժառանգության վրա:

Երկուստեք ընդգծվել է Հայաստանի եւ Սուրբ Աթոռի միջեւ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը: Այս համատեքստում, կարեւորվել է առաջիկայում Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի այցը Հայաստան:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ: