Կեղծ, սուտ, դեմագոգիկ հայտարարություններ են. ես հիշեցնեմ, որ պատերազմը բռնկվեց այս իշխանության օրոք, երբ իրենք վիժեցրեցին բանակցային գործընթացը: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՔՊ-ական պտգամավոր Գեւորգ Պապոյանի եւ մյուսների հայտարարություններին, ըստ որի «Հայաքվե» նախաձեռնությունը դուռ է բացում պատերազմի համար:
«Հիշում եք, Փաշինյանը երկու օրվա վարչապետ էր, արդեն ասում էր՝ այս ֆորմատն ինձ հարմար չէ: 7-8 անգամ Ալիեւին հանդիպել է եւ ընդամենը մեկ անգամ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Դարն զուգահեռ կար Հայաստանի, Ադրբեջանի, ՌԴ ղեկավարների հանդիպումները, որոնք աջակցում էին Մինսկի ֆորմատին, այդ ֆորմատով որեւէ հանդիպում տեղի չի ունեցել: Ինքն է վիժեցրել բանակցային գործընթացը, ինքն էլ կազմաքանդել բանակը: Ինքը փոխեց ոչ միայն ՊԲ ամբողջ ղեկավարությանը, այլեւ բանակի ամբողջ հրամկազմը, թե ՊՆ-ի, թե ՊԲ-ի: Իրենք խոսում էին պատերազմից, իրենք բերեցին պատերազմ: Իրենց օրոք եղավ պատերազմ: Պարտությունից հետո դարձյալ խոսում են խաղաղությունից, բայց Հայաստանը երբեք այսքան մոտ կանգնած չի եղել պատերազմին, ինչպես այս պահին:
Այս պայմաններում ասել՝ դուք կբերեք պատերազմ, սուտ է, պատերազմ իրենք են բերում: Իրենք Վաշինգտոնում բանակցում էին, նույն օրը մենք ունեցանք 4 զոհ: Իրենք առաջնորդվում են՝ «բռնիր գողին, քանի գողը քեզ չի բռնել» տրամաբանությամբ»,-ասաց նա:
Անդրադառնալով Գեւորգ Պապոյանի՝ ՀՅԴ-ին ուղղված մեղադրանքին, ըստ որի Մակրոնի մասին ՀՅԴ-ի հայտարարությունները կարող են պատճառ դառնալ, որ Ադրբեջանի պահանջով Ֆրանսիան բանակցային գործընթացից դուրս գա, Արթուր Խաչատրյանն ասաց. «Գևորգ Պապոյանը սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց: Դրա մասին խոսել է ֆրանսիացի պատգամավորներից մեկը, խոսել է Հայաստանում ոչ դաշնակցական մեկը: Ինքը բովանդակությունը թողած էդ ի՞նչ ձեւի հետևից է ընկել։
Մակրոնն ասել է, որ ինքը պաշտպանում է Արցախի շահը, իսկ Փաշինյանը ոչ մի բան չի անում։ Դրա մասին խոսում է նաև Ժոզեպ Բորելը, ԵԽԽՎ նախագահը, բոլորն էլ ասում են, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից։ Հիմա էլ ասում են՝ Դաշնակցությունն է արե՞լ։ Ոչ, իրենք են մեղավորը», - պարզաբանեց նա։
Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ եթե Մակրոնը Փաշինյանի մասին նման բան ասած չլիներ, պաշտոնապես կհերքվեր, բայց այդ խոսքերի մերժումը Ելիսեյան պալատից չի եղել։
Հիշեցնենք, որ Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ ասելով․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։
Ի պատասխան Մակրոնն էլ հայտարարել է․ «Ես Ալիևիի վրա ավելի շատ ճնշում եմ գործադրել և ավելի շատ ճնշում եմ գործադրելու, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որ հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։











