Ադրբեջանից ակնկալել արդարադատություն որեւէ հայի նկատմամբ, ուղղակի ֆանտաստիկայի ոլորտից է, եւ դա մենք պետք է հասկանանք: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր Ադրբեջանում հայ երկու ռազմագերիները, որոնց առեւանգել էին մեր տարածքից, դատապարտվեցին 11,5 տարվա ազատազրկման:
«Ինչքան էլ մեր իշխանությունները փորձում են Ադրբեջանի հետ հարաբերություններ կառուցել եւ մեզ կերակրել խաղաղության կեղծ օրակարգում, բոլորի համար պետք է ընկալելի լինի, որ Ադրբեջանը մեզ ընկալում է թշնամի եւ վերջ: Եթե Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունը եւ չի վերադարձում գերիներին, Նիկոլ Փաշինյանն ինչու է գնում եւ ստորագրում այլ փաստաթուղթ, եւ ընդհանրապես ինչու է մասնակցում բանակցությունների: Եթե մի ստորագրված փաստաթուղթը խախտվել է, կյանքի չի կոչվել, ինչ իմաստ ունի շարունակել: Ընդհանրապես, ի՞նչ իմաստ ունեն բանակցությունները, եթե Փաշինյանը բանակցում է, նրանք կրակում են: Մենք առաջարկում ենք՝ պահանջատեր եղեք ձեր ստորագրած փաստաթղթերի կետ առ կետ կատարմանը, եւ պահանջատեր եղեք, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ թե հասցեական հայտարարություններ լինեն, այլ լինեն պատժամիջոցներ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա տեղեկացրեց, որ այսօր միանալու է Հայաքվե» նախաձեռնությանը: Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ դրանով պատերազմ են հրահրում, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Մենք ԱԺ-ում ելույթ ենք ունենում, ասում են՝ զգույշ եղեք, պատերազմ կլինի, փողոցով քայլում ենք, ասում են՝ զգույշ եղեք, պատերազմ կլինի: Այսինքն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը պատերազմի սպառնալիքով անընդհատ փորձում է կերակրել մեզ ու վախեցնել: Իսկ երբ մենք ոչինչ չէինք անում եւ «Հայաքվե»-ն էլ չկար, քանի՞ անգամ Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սուվերեն տարածքի վրա: Դա դրան ո՞վ նպաստեց: Այնպես որ նման հայտարարություն անողներն իրենք իրենց հետ ազնիվ չեն»:
Հարցին, թե այդ նախաձեռնությունն ի՞նչ հեռանկար կարող է ունենալ, եթե իշխող ուժն արդեն բացասական կարծիք է հայտնել դրա վերաբերյալ, Թագուհի Թովմասյանն պատասխանեց. «Դժվար չէ կանխատեսել, որ այդ նախագիծը հաջողություն չի ունենալու խորհրդարանում, բայց դա չի խանգարում, որ ես գնամ, մասնակցեմ: Հասկանալի է, որ եթե դա խորհրդարանից որեւէ մեկը ներկայացներ, էլի նույն ճակատագիրն էր ունենալու: Գուցե «Հայաքվեն» երկրորդ փուլում կարողանա 300 հազար ստորագրություն հավաքել եւ այդ միջոցով հասնենքն նպատակին, բայց ես կարծում էի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ինքը կնախաձեռներ եւ հասներ նրան, որ ՀՀ-ճում որեւէ պաշտոնյա, եթե քննարկի Արցախը Ադրբեջանի կազմում որեւէ կարգավիճակով, դա լինի հանցանք»:











