Ադրբեջանի կողմից Իրանի դեմ հարձակում գործելը դեռ անհավանական է, որովհետեւ  Իրանը վերջին տարիներին իր ռազմարդյունաբերության մակարդակն այնքան է բարձրացրել, որ Ադրբեջանի նման փոքրիկ պետությունը պետք է շատ երկար մտածի, որ անգամ իր տարածքը տրամադրի Իրանի դեմ գործող այլ ուժերի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Հարութ Առաքելյանը՝ անդրադառնալով տեսակետին, որ Արեւմուտքը շտապում է լուծել հայ-ադրբեջանական հարցը, որ Ադրբեջանի կողմից հարձակում գործի Իրանի վրա:

«Այդ այլ ուժերը՝ ԱՄՆ-ն, Արեւմուտքը, եւ անգամ իսրայելը, օգտագործում են Ադրբեջանը Իրանի սահմանին ավելի մերձենալու համար: Նույնը Իրանն է կատարում Սիրիայում, Լիբանանի հարավում, որ մոտ լինի Իսրայելի սահմաններին: Պարզապես արցախյան պատերազմը մեծ առիթ էր Իսրայելի համար, որ կարողանա տարածաշրջանին մոտենա: Հիմնական նպատակը ոչ թե Արցախի կամ Հայաստանին դեմ լինելն էր, այլ աջակցությունն էր Ադրբեջանին, որի արդյունքում կստանար Իրանի սահմանները:

Իրանի շուրջ ամբողջականում է անակոնդայի նախագիծը, որի նպատակը Իրանին անգամ ֆիզիկապես շրջափակման մեջ պահելն է: Դա է պատճառը, որ Իրանը բազմիցս խոսել է Հայաստանի մասին, սահմանների անխախտելիության մասին, որովհետեւ իրենց տեսանկյունից Հայաստանը այն վստահելի հարեւան է, որի միջոցով ուղի կունենա դեպի եվրոպական շուկաներ»,-ասաց իրանագետը: