Այն պայմաններում, երբ Ադրբեջանը պատերազմով լուծել է իր հարցը, այն պայմաններում, երբ Հայաստանի իշխանությունները կամովին հանձնում են ամեն ինչ՝ պահպանելով իրենց ենթադրյալ 29 800 քկմ-ն անվտանգ, շատ բնական է, որ այսօր ԱՄՆ-ից, Ռուսաստանից ոչ մեր օգտին հայտարարություններ են հնչում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Հարութ Առաքելյանը:

«Որովհետեւ  նրանք չէ, որ մեր փոխարեն պետք է որոշումներ կայացնեն: Մենք ենք, որ այդ որոշումները  կայացրել ենք եւ հիմա ԱՄՆ-ն պետք է գա ասի՝ չէ, Հայաստան, պահի Արցախը, արի բանակդ մտցրու, մի քիչ էլ պատերազմի, բայց պահի՞: Իհարկե, ոչ: Նույնն էլ Իրանի դեպքում է, մենք չենք կարող Իրանից ավելի շատ պահանջել, քան մյուսներից: Իրենք էլ որպես պետություն, եթե տեսնում են, որ դու քո տարածքը հանձնում ես, ինչ կարող են անել»,-ասաց նա:

Հարութ Առաքելյանը պատմեց, որ պատերազմի ժամանակ իրանցի փորձագետները վերլուծում էին եւ կանխատեսում, որ հայկական կողմը ինչ-որ պահից անցնելու է հակահարձակման եւ հաղթելու է պատերազմում. «Եթե հիշում եք, պատերազմը կանգնեց այն ժամանակ, երբ ադրբեջանցիներն արդեն չունեին ԱԹՍ-ների հրթիռներ: Արդեն պատերազմը հասել էր դաշտային պատերազմի: Իրանցիներն ասում էին, որ անվերջ չեն ադրբեջանցիների հրթիռները, ինչ-որ պահի վերջանալու են, դրանից հետո գալու է դաշտային պատերազմ եւ հայերը դաշտային պատերազմում հաղթելու են, որովհետեւ իրենց դիրքերն ավելի ամուր ու բարձր են: Իրենք մինչեւ հիմա զարմացած են, որ այսպես ավարտվեց պատերազմը ու դրա մեջ տեսնում են դավադրություն:

Նրանք իրենց պետությանը զգուշացնում են այդ դավադրության մասին, որ այստեղ նպատակը Իրանին պատերազմի մեջ քաշելն է՝ Ադրբեջանի լկտի սանձարձակ քայլերով եւ Հայաստանի անգործությամբ: Արդեն խոսում էին այն մասին, թե Իրանը կարող մտնել Սյունիք, եթե Ադրբեջանը փորձի փոփոխել սահմանները: Բայց Իրանում արդեն տեսնում են, որ Ադրբեջանը Սյունիք մտնելու կարիք չունի, քանի որ հայկական իշխանությունները դա հանձնում են: Իրանում այստեղ թակարդ են տեսնում, որ նպատակ կա իրեն ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, ինչպես Ռուսաստանին են ներքաշել»,-ասաց իրանագետը: