Վերջին ամիսներին «ինտենսիվ աշխատանք է տարվել» Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ, լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ըստ նրա, այդ ժամանակահատվածում առաջնորդների մակարդակով մի քանի հանդիպումներ են եղել։

«Միաժամանակ ինտենսիվ շփումներ են եղել արտգործնախարարների մակարդակով։ Հաղորդակցման ուղիները բացելու բանակցություններ են ընթանում»,- ասել է նա։

Բայրամովը նշել է նաև, որ ադրբեջանաիրանական փոխհարաբերությունները «շատ կարևոր են Ադրբեջանի համար տարածաշրջանի զարգացման և անվտանգության տեսանկյունից»։

«Ադրբեջանը միշտ շահագրգռված է եղել Իրանի հետ դրական հարաբերությունների զարգացմամբ։ Վերջին ժամանակներս երկու երկրների փոխհարաբերություններում լարվածություն է առաջացել, ինչի համար լուրջ պատճառներ են եղել։

Սակայն մենք բարձր ենք գնահատում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի այցը Ադրբեջան, նրա մասնակցությունը Չմիավորման շարժման նախարարական հանդիպմանը, ինչպես նաև այցի շրջանակում նրա հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ»,- ասել է Բայրամովը։

Ըստ նրա, այդ հանդիպման շնորհիվ է հնարավոր դարձել «բացահայտ քննարկել այն հարցերն ու թեմաները, որոնք լարվածության սրման պատճառ են հանդիսացել»։

«Մենք տեսնում ենք տարաձայնությունները վերացնելուն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու Իրանի մտադրությունը։ Այդ դեպքում Ադրբեջանը կձեռնարկի համապատասխան և փոխադարձ քայլեր։

Դա ազդակ կլինի հաղորդակցությունների ոլորտում իրանաադրբեջանական հարաբերությունների համար։ Կարելի է ասել, որ այդ միջանցքը շատ կարևոր դեր կխաղա Նախիջևանի հետ Ադրբեջանի հիմնական մասի միավորման համար։ Մենք ընդարձակ քննարկումներ ենք ունեցել նախագահ Ալիևի հետ տարածաշրջանում հաղորդակցման ուղիների բացման վերաբերյալ»,- ասել է Բայրամովը։