Արցախում տեղի ունեցած ռազմական օպերացիան Ադրբեջանի մշտական ծավալապաշտական քաղաքականության արդյունքն է: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը: 

«Արցախում ռազմական գործողության վտանգը մշտապես կախված է, չնայած որ Արցախում պատերազմը չի վերջացել ու դա փաստ է: Արցախում իրավիճակը կախված է ռուսների գործերից Ուկրաինայում, եւ այս առումով  Ալիեւը շտապում է, քանի որ ժամանակ քիչ է մնում: Ուկրաինական ճակատում ռազմական գործողությունների ինտենսիվ փուլից հետո, որը երեւի տեղի կունենա աշնանը, ռուսական կողմը շատ լուրջ անդրադարձ կանի արցախյան խնդրին եւ կփորձեն ամրապնդվել Արցախում: Բացի այդ 2025 թվականի մայիսի 10-ը մոտենում է, քանի որ այդ ժամանակ խաղաղապահների մանդատի ժամկետը կամ 5 տարով, կամ անժամկետ երկարաձգվում է, այդ պատճառով Ալիեւը  շտապում է: Բնականաբար, ե΄ւ Արցախում, ե΄ւ ՀՀ սահմանների ուղղությամբ ադրբեջանական հարձակման սպառնալիքը կա»,- ասաց նա:

Անդրադառնալով Հակարիի կամրջին տեղի ունեցած միջադեպին, Հակոբյանը կարծում է, որ ամեն դեպքում ռուս խաղաղապահները պետք է չթողնեին, որադրբեջանցիները դրոշ դնեին այնտեղ:

«Ամեն դեպքում, եթե ռուսական կողմը ճնշի գոնե խաղաղապահների եւ Կարմիր խաչի հումանիտար բեռների տեղափոխումը կվերսկսվի, եւ սննդային խնդիրը կմեղմվի: Իսկ երկարաժամկետ հեռանկարում պետք է ուժեղանալ եւ սպասել միջազգային զարգացումներին»,-ասաց նա:

Ստեղծված իրավիճակում Հայաստանը գործոն կարող է դառնալ, ըստ փորձագետի, եթե այլ իշխանություններ լինեն, քանի որ այս իշխանությունները գործոն չեն հանդիսանում այս իրավիճակում:

 Հակոբյանի խոսքով՝ ըստ էության, Փաշինյանի հայտարարություններով չի որոշվում, թե Արցախը կլինի Ադրբեջանի կազմում, թե չէ. «Արդեն ամիսներ շարունակ նա այդ մասին հայտարարել է, սակայն Ստեփանակերտը արդեն  որերորդ անգամ շատ կոպիտ է արձագանքել Երեւանին, թե  դա իրենց գործն է, ոչ թե այս իշխանությունների: Այս առումով մեզ համար շատ ձեռնտու է, որ տարիներ առաջ, դեռ Քոչարյանի օրոք, Արցախը դուրս մնաց բանակցություններից: Հիմա՝ այս իրավիճակում, Հայաստանը կարող է ասել, որ գնան եւ Արցախի հետ պայմանավորվեն, քանի որ նրանք բանակցություններից դուրս են մնացել»: