Ոչ մի զարմանալի բան չկա, որ վարչախումբը պաշտպանում է ինքն իրեն. հարցն այն է, թե արդյոք քաղաքացին կորցրե՞լ է իր ինքնապաշտպանության բնազդը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի շուրջօրյա հանրահավաքում հայտարարել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր, ՀԱԿ-ի անդամ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հավատում եմ քաղաքացուն, բայց չեմ հասկանում նրան, ով զանգում եւ բողոքում է ճանապարհների փակ լինելուց: Ես չեմ հասկանում նաեւ նրանց, ովքեր հոգով եւ սրտով մեզ հետ են, անգամ օնլայն հետեւում են մեզ, երեկոյան էլ հերոսաբար «լայք» են տալիս հանրահավաքի մասին նյութերին:
Եթե դու կարծում ես, թե մասնակցում ես համակարգչային մի խաղի, որտեղ վերջին լեվելում բարի տղեն հաղթում է չար դեւին եւ ազատում է աղջկան, ապա արի հրապարակ` մասնակցելու վերջին լեւելին:
Ես վրանային ավանի բնակիչս չեմ հասկանում վետերոկի հեղափոխականներին, ովքեր ՀԱԿ-ին մեղադրում էին անվճռականության մեջ, իսկ հիմա ասուլիս են տալիս եւ խոսում տիեզերական ցիկլերից»,- հայտարարել է նա:
Փաշինյանի խոսքով, ՀԱԿ-ի շուրջօրյա հավաքը ցույց է տալու, թե քանի կոպեկ արժեն «հակակոնգրեսական խմբակների» ելույթները: «Ահա սա է վճռական գործողությունը, բա ո՞ւր եք դուք: ՀԱԿ-ը բոլոր պարագաներում քաղաքական այս պրոցեսներից դուրս է գալու ուժեղացած: Հույս չունենաք, թե ձեզ թույլ կտամ ապրեք սերիալների թմբիրի մեջ, մինչեւ ձեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ ինքը ավելին է, քան սերժանատական օլիգարխիայի հարճը, ինքը քաղաքացի է, ով պատասխանատու է սերունդների առաջ»,- իր խոսքն է ամփոփել ընդդիմադիր գործիչը:




























