Հայաստանում գտնվող Քուվեյթի Պետության ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությունն այցելել է Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր, ծանոթացել  զբոսաշրջային, արտադրական ներուժին ու հնարավորություններին:

Տավուշում այցելել են Դիլիջանի հանքային ջրերի գործարան, ծանոթացել արտադրական հզորություններին ու կարողություններին, հանդիպել մարզի ղեկավարության հետ: Տեղերում քննարկվել են արտադրանքի արտահանման  հնարավորությունների հետ կապված հարցեր:

Պատվիրակությունն  այցելել է պատմամշակության վայրեր, մասնավորապես` եղել Հաղարծինի վանական համալիրում: Նրանց ներկայացվել են Հայաստանում զբոսաշրջության ոլորտում իրականացվող  ծրագրերը, ներդրումային միջավայրը:  Քննարկվել են փոխգործակցության, համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները: 

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 5-ին կայացած Հայ-քուվեյթական միջկառավարական  հանձնաժողովի առաջին նիստում, որի համանախագահը քուվեյթական կողմից ֆինանսների նախարարն է, կարեւորվել էր երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումն ու ընդլայնումը: Պատվիրակության կազմում են գործարարներ, որոնք հետաքրքրված են Հայաստանի  հետ փոխշահավետ ծրագրերի իրականացմամբ: