Բանաձեւի այն նախագիծը, որը  ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ներկայացվել էր վեհաժողովին, ուղղակի խայտառակություն էր եւ ՀԱԿ-ը դատապարտել էր նման բանաձեւը: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 6-ին, Ազատության հրապարակում, ՀԱԿ-ի հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ-ի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը:

Նա նշել է, որ այդ նախագծում մի քանի կարեւոր փոփոխություններ են կատարվել, ապա հավելել. «Նախագծում ասված էր, թե մարտի 1-ի կարելի է փակված համարել: Հիմա տեքստում ասում են, թե կարելի է փակված համարել Վեհաժողովի համար, բայց պետք է շարունակվի ԵԽ Մոնիտորինգը սպանությունների հետաքննության մասով մշտապես:

Կասկածի տակ էին դրել ընդդիմության պահանջն արտահերթ ընտրությունների մասին: Այսօր արձանագրում ենք, որ այդ դրույթը հանված է:

Այդ փոփոխությունները արվել են շնորհիվ ՀԱԿ դիվանագիտական համառ ճնշման եւ ամենակարեւորը, այս շուրջօրյա հանրահավաքների»:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեությունը» վերտառությամբ զեկույցը, որը ներկայացրել էին, Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը: Զեկույցն ընդունվել է աննշան խմբագրմամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ 40 պատվիրակ, դեմ 3-ը, ձեռնպահ՝ 1-ը: