Պետական այցով Հայաստանում գտնվող Նիկոլա Սարկոզին եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հոկտեմբերի 6-ին, այցելել են Մայր աթոռ սուրբ Էջմիածին եւ հանդիպել Գարեգին Բ-ին:
Կաթողիկոսը, ողջունելով նախագահների այցը համայն հայության հոգեւոր կենտրոն, գոհունակություն է հայտնել երկու դարավոր բարեկամ երկրների ու ժողովուրդների միջեւ ամենաբարձր մակարդակի վրա ձեւավորված հարաբերությունների համար, որոնք առավել զարգանում, ջերմանում եւ համագործակցության նոր ընդգրկում են ձեռք բերում: Անդրադառնալով երկու ժողովուրդների պատմական կապերին, նա ընդգծել է հայ ժողովրդի հանդեպ Ֆրանսիայի ժողովրդի եղբայրական սերն ու ջերմությունը, ինչի ականատեսն է եղել Ֆրանսիա կատարած հովվապետական այցերի ընթացքում: «Ձեր այցը Հայաստան մեր երկիր ուրախությամբ է համակել ինչպես մեր, այնպես եւ մեր ողջ ժողովրդի հոգին: Մեր ժողովուրդը քաջագիտակ է եւ հաղորդ, որ իր կյանքի դժվարին ժամանակներում Ֆրանսիայի ժողովուրդն իր մարդասեր ու արդարասեր էությամբ մշտապես աջակից է եղել իրեն», - նշել է Գարեգին Բ-ն:
Նա ընդգծել է նաեւ Ֆրանսիայի իշխանությունների հոգատար վերաբերմունքը ֆրանսաբնակ հայորդիների նկատմամբ, ովքեր, վերապրելով Հայոց ցեղասպանությունը, քրիստոնեական լավատեսությամբ եւ հույսով կարողացել են իրենց հոգեւոր-ազգային կյանքը կազմակերպել Ֆրանսիայի մեջ:
Իր հերթին, Սարկոզին ասել է. «Մեծ պատիվ է Հայաստանում գտնվել` վկայելու մեր երկու երկրների բարեկամությունը»:
Հանդիպման ավարտին Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին եւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելել են Մայր Տաճար, եղան Տաճարի թանգարանում, ուր նրանց ներկայացվել է Հայ Եկեղեցու եւ հայ ժողովրդի նվիրական սրբությունները:




























