ՅՈւԿՕՍ-ի նախկին փոխնախագահ Վասիլի Ալեքսանյանին հուղարկավորել են Մոսկվայի Հյուսիսային Խովանի գերեզմանատանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Ալեքսանյանի հուղարկավորության արարողությանը հոգեւոր կարգ է մատուցել  Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր սպասավորը հայերենով:

Ալեքսանյանին հրաժեշտ տալու էր եկել մոտ 200 մարդ, որոնց շարքում էին  ինչպես գործարարի հարազատներն ու ընկերները, այնպես էլ գործընկերները, ՅՈւԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի ծնողները, շարքային քաղաքացիներ:

Ալեքսանյանը մահացել էր հոկտեմբերի 3-ին` 39 տարեկան հասակում: Բանտում գտնվելու ժամանակ նրա մոտ ախտորոշվել էր քաղցկեղ, ՁԻԱՀ եւ տուբերկուլյոզ:

Նա կալանավորվել էր 2006 թ-ին` ՅՈւԿՕՍ-ի մյուս բարձրաստիճան կառավարիչների հետ միասին եւ մեղադրվում էր  «Տոմսկնեվտի» եւ այլ նավթային ընկերությունների  գույքի հափշտակման մեջ: Ալեքսանյանը մոտ 2,5 տարի անցկացրել էր կալանքի տակ:  2008 թ. դեկտեմբերին նա ազատ էր արձակվել 50 մլն ռուբլի գրավի դիմաց:

2010թ. ամռանը դատարանը դադարեցրել էր նրա նկատմամբ քրեական հետապնդումը` վաղեմության ժամկետի սպառման պատճառով` չհաստատելով եւ չհերքելով ամբաստանյալի մեղքը: