Ազատության հրապարակում, հոկտեմբերի 7-ին, կհեռարձակվի Հայաստան-Մակեդոնիա ֆուտբոլի ազգային հավաքանների հանդիպումը։ Այս մասին, այսօր` հոկտեմբերի 6-ին, հայտնել է ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը։ «Ուրբաթ մենք երեկոյան ժամը 6-ին, մինի-հանրահավաք կանենք, որից հետո, ընդհանուր համաձայնությամբ, մոնիտորներ կտեղադրենք, որպեսզի դուք բոլորդ կարողանաք հետեւել մեր հավաքականի խաղին»,- ասել է նա՝ նշելով, որ դրա փոխարեն շաբաթ օրը ընդդիմության համախոհները պետք է հավաքվեն մեծ հանրահավաքի համար, որի ընթացքում կարեւոր որոշումներ պետք է ընդունվեն։ «Եւ այսպես, վաղը՝ ֆուտբոլ, շաբաթ՝ մեծ հանրահավաք»,- ասել է Զուրաբյանը։
Անդրադառնալով մեկշաբաթյա հանրահավաքին, նա նշել է, որ նրանք, ովքեր քննադատում էին ՀԱԿ-ի հանրահավաքը, այժմ սկսել են գալ եւ լուսանկարվել վրանների մոտ։
«Այսօր բոլոր քննադատողները հասկանում են, որ կյանքից հետ են մնացել։ Հանրահավաքն անցկացնելու եւ նրա ընթացքի փաստն արդեն ինքնին ցույց է տալիս նրանց քննադատության չկայացած լինելը։ Շատերին թվում էր, որ մարտի մեկ տեսած ժողովուրդն այլեւս չի համարձակվի շուրջօրյա հանրահավաքների, եւ իշխանություններին մարտահրավեր նետելուն։ Սեպտեմբերյան հանրահավաքից առաջ նրանք ասում էին՝ Կոնգրեսը հերթական անգամ մարդկանց տուն կուղարկի, այ երբ չեք ուղարկի տուն, այդ ժամանակ կմիանանք ձեզ։ Բայց ի՞նչ է ստացվում։ Կոնգրեսը վճռական քայլերի է գնում, ժողովուրդը՝ նույնպես։ Հակառակ ոստիկանական ամենօրյա սադրանքների եւ տրանսպորտային բլոկադայի, մենք ժողովրդական դիմակայության մեխանիզմ ենք մշակել»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Զուրաբյանը։
Նշենք, որ ՀԱԿ-ը Ազատության հրապարակում սեպտեմբերի 30-ից շուրջօրյա հանրահավաք է անցկացնում:




























