Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հայտարարել է պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, բերելով Գերմանիայի օրինակը:
«Պետություններն ուժեղանում են, երբ ճանաչում եւ ընդունում են իրենց պատմությունը»,- ասել է նա:
Ֆրանսիայի նախագահի խոսքով, «հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում:
Ֆրանսիայի նախագահն այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան եւ դուրս գալիս կիսել իր տպավորությունները` ասելով, որ շատ տպավորիչ թանգարան է:
Հիշեցնենք, որ երկօրյա պետական այցով Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ այսօր` հոկտեմբերի 6-ին, այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր: Հայաստանի եւ ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակներ են դրել Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
Ֆրանսիան 2001 թվականին դարձավ առաջին երկիրը, որ առանձին օրենքով պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:




























