ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի՝ վերջերս արած հայտարարությանը, որ իրեն և մի խումբ դիվանագետերի բանակցելու լիազորություն տալու դեպքում 2-3 ամսում կփոխվի  հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքը, բայց պյմանով, որ Նիկոլ Փաշինյանը այդ ընթացքում պետք է լռի:

«Վարդան Օսկանյանը այն անձն է, որը ժամանակին խորհուրդ է տվել, որ Ղարաբաղը դուրս գա բանակցություններից։ Նախ պետք է հասկանալ, թե դրանից հետո Ղարաբաղը ինչ աստիճանի վնասներ կրեց, նոր դրանից հետո հասկանանք, թե ով ինչ է ասում։

Հիմա ամեն ինչ շատ թափանցիկ ու ժողովրդավար է, ու մարդիկ չեն մոռանում, թե մարդը իր գործունեության ընթացքում ինչ սխալներ է կատարել։ Այդ մարդը 10 տարի Հայաստանում չի գտնվել, մեր մարմինները պետք է դա պարզեն, ինչով է զբաղվել, ով է նա։ Բա, որ նա 10 տարի արտգործնախարար է եղել, ո՞նց չի լուծել այդ խնդիրը, հիմա գալիս է՝ երեք ամսում լուծի՞»,- ասաց նա։

Սուքիասյանը նշեց, որ համապատասխան մարմինները  պետք է լուրջ քննության ենթարկեն Վարդան Օսկանյանի վերջին 30 տարվա գործունեությունը։