Ֆրանսիան ապավեն է դարձել մեզ անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից: Այս մասին այսօր` հոկտեմբերի 6-ին, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն` ի պատիվ պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի կազմակերպված պետական ընթրիքի ժամանակ:

Ստորեն ներկայացնում ենք Սերժ Սարգսյանի բաժակաճառը պետական ընթրիքի ժամանակ.

«Ուրախ եմ այսօր ողջունել պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ պարոն Նիկոլա Սարկոզիին, Հայաստանի եւ նաեւ իմ բարեկամին, ով մշտապես հետեւել եւ անհրաժեշտության դեպքում սատար է կանգնել մեր եկրին եւ մեր ժողովրդին։ Մեկ անգամ եւս շնորհակալություն եմ հայտնում այն ջերմ ընդունելության եւ հյուրընկալության համար, որին արժանացանք օրեր առաջ Ֆրանսիայի Հանրապետություն կատարած իմ այցի ժամանակ։

Հայաստանի եւ Ֆրանսիայի հատուկ հարաբերությունները խոր պատմական արմատներ ունեն։ Դեռեւս 11-14-րդ դարերում Կիլիկիայի Հայոց Թագավորության  օրոք, հայ եւ ֆրանկ ազնվական տների միջեւ կնքված ամուսնական եւ ռազմավարական դաշինքներից ի վեր, հայ-ֆրանսիական առնչությունների սաղմերը հետագա դարերում շարունակաբար ամրապնդվել են` վերածվելով խոր արմատներ ունեցող անկեղծ բարեկամության: Ամենեւին պատահական չէ, որ ֆրանսիական հողում, Ֆրանսիայի թագավորների կողքին է հանգչում հայոց վերջին թագավորը՝ Լեւոն վեցերորդը:

Մեր ժողովուրդների միջեւ փոխճանաչելիության, համակեցության շրջանակներն ընդլայնվեցին մեր ազգի պատմության ամենաօրհասական ժամանակաշրջանում: 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության հետեւանքով հայրենազրկված հարյուր հազարավոր հայեր ապաստան ու ապավեն գտան Ֆրանսիայում:

Վառ պահելով հայկական ինքնությունը` հայ մարդն անցավ Ֆրանսիայի հասարակական կյանքի լիարժեք ինտեգրման ճանապարհը` վտարանդի օտարականից դառնալով հայկական ծագում ունեցող օրինակելի ֆրանսիացի: Ես իսկապես հպարտ եմ, որ մեծաթիվ ֆրանսահայեր ակնառու հաջողություններով իրենց նպաստը բերեցին Ֆրանսիայի բարգավաճմանը եւ դարձան մեր երկու ժողովուրդների համատեղ հպարտության խորհրդանիշ:

Ֆրանսիայի հասարակությունը երբեք անհաղորդ չի մնացել Հայաստանի եւ  հայ ժողովրդի ճակատագրին, նրան հուզող խնդիրներին։ Ֆրանսիան ապավեն է դարձել մեզ անկախ պետականության վերականգնման առաջին իսկ օրվանից՝ շարունակաբար աջակցելով ամրապնդել մեր պետականության հիմքերը, սատար կանգնել մեր ամենադժվարին օրերին։ Հայ ժողովուրդը եւ Հայաստանը շնորհակալ են բարեկամ Ֆրանսիային Հայոց ցեղասպանությունը օրենքի ուժով ճանաչելու համար:

Մեր երկու ժողովուրդներին միահյուսած պատմության կամուրջներն աներեր հիմքերի վրա են դրված եւ ստեղծել են փոխադարձ բարեկամության համար առանձնաշնորհյալ կարգավիճակ Հայաստան-Ֆրանսիա միջպետական հարաբերություններում։ Մեր միջեւ ձեւավորվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն, որն ամենադրական կերպով է անդրադառնում համագործակցության բազմաթիվ ոլորտների վրա: Միայն նախագահական մակարդակով փոխայցելությունների թիվը մոտենում է երկու տասնյակի:

Ֆրանսիան հանդիսանում է երկրորդ խոշոր ներդրողը Հայաստանում, մեր տնտեսությունում շոշափելի ներգրավվածություն ունեն հարյուրից ավելի ֆրանսիական ընկերություններ, այդ թվում համաշխարհային մեծության այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Կրեդիտ Ագրիկոլը, Օրանժը, Պեռնո Ռիկարը: Ես լիահույս եմ, որ մոտ ժամանակներում այս ցանկին կարող ենք ավելացնել  ուրիշ անուններ եւս:

Էական ձեռքբերումներ ունենք կրթամշակութային ոլորտներում: Արդյունավետ համագործակցում ենք Ֆրանկոֆոնիայի շրջանակներում՝ մեծ կարեւորություն տալով եւ հետեւողական ջանքեր գործադրելով Հայաստանում ֆրանսերեն լեզվի ու ֆրանսիական մշակույթի տարածման ուղղությամբ:

Հիշատակման է արժանի նաեւ Հայաստանի եւ Ֆրանսիայի շուրջ 30 գործընկեր քաղաքների ու շրջանների միջեւ տարբեր ոլորտներում ընթացող ապակենտրոնացված համագործակցությունը:

Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Ֆրանսիայի եւ անձամբ Ձեր, պարո´ն նախագահ, հետեւողական ջանքերի համար, որոնք նպաստում են մեր տարածաշրջանում տեւական խաղաղության հաստատմանը եւ համագործակցության խթանմանը։ Ֆրանսիան համաշխարհային խոշորագույն դերակատար է, եւ Ֆրանսիայի արդար ու անաչառ մոտեցումն այս խնդրում կենսական կարեւորություն ունի մեզ համար։

Մեծարգո´ պարոն նախագահ,

Կրկին ողջունում եմ Ձեզ Հայաստանում։ Վստահ եմ, որ առաջիկա տարիներին հնարավորություն ենք ունենալու միասին աշխատելու եւ միատեղելու մեր ջանքերը՝ ի հարատեւություն մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամության։ Համոզված եմ, որ Հայաստան կատարած Ձեր պետական այցը եւս մեկ սյուն է կանգնեցնելու հայ-ֆրանսիական բարեկամության տաճարում:

Եզրափակելով խոսքս՝ թույլ տվեք բարձրացնել  բաժակ, մեծարգո պարո´ն Նախագահ, ի պատիվ Ձեզ եւ Ձեզ ուղեկցող պատվիրակության, ասել է թե՝ Ֆրանսիայի մեծ ժողովրդի պատվին, որի հանճարեղ զավակներն անուրանալի եւ հսկայական ներդրում են ունեցել համաշխարհային քաղաքակրթության կերտման ու զարգացման գործում: Խնդրում եմ բոլորս միասին հոտնկայս մաղթենք մեր երկրների եւ ժողովուրդների բարեկամությանը հարատեւություն եւ ամրություն:

Շնորհակալ եմ»: