Իրանի հոգեւոր առաջնորդը Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ շեյխ Ալլահշուքյուր Փաշազադեին ցույց տվեց, որ չի հավատում նրա առաքելությանը, եւ ընդհանրապես` Իրանը միջնորդի կարիք չունի, գրում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` անդրադառնալով շեյխի իրանական վերջին այցի արդյունքներին:

«Պոլիգոնը», վկայակոչելով իր հավաստի աղբյուրները, նշում է, որ իր այցով շեյխը նպատակ ուներ վերացնել Իրանի եւ Ադրբեջանի միջեւ առաջացած լարվածությունը ու կարգավորել օրեցօր վատթարացող հարաբերությունները, սակայն նրան ջանքերը հաջողությամբ չպսակվեցին:

Աղբյուրը հայտնում է, որ այցը կատարվել էր շեյխի սեփական նախաձեռնությամբ, եւ դրա տակ նա թաքցնում էր իր անձնական հետաքրքրությունները: Նա նպատակ ուներ վերականգնել իր դիրքերն Իրանում, ինչպես նաեւ ամրապնդել Բաքվում սասանված ազդեցությունը` վերածվելով իշխանությունների համար ազդեցիկ կերպարի:

«Սակայն շեյխի ֆանտաստիկ իղձերը ջուրն ընկան: Բուն պատասխանը նրան Խոյից եւ Արդեբիլից է եկել (դրանք բնակեցված են թրքախոս իրանցիներիով, իսկ Ադրբեջանը դրանք համարում է իր տարածքները-խմբ.): Այդտեղ այաթոլաների ունեցած հանդիպման ժամանակ շեյխը հասկացավ, որ նրանք թույնով են լցված Ադրբեջան պետության դեմ»,-գրում է ադրբեջանական գործակալությունը: