Կոմունիկացիաների բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից, դա ձեռնտու կլինի նաև Ադրբեջանին, NEWS.am-ի «ՈՒԺԻ ԳՈՐԾՈՆ» հաղորդման եթերում նման կարծիք է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

Պաշտոնաթող դիվանագետի կարծիքով՝ Թուրքիայի հետ սահմանի բացումը ևս հսկայական օգուտ կտա Հայաստանին։

«Եթե Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները բարելավվեն,  կարծում եմ, բարգավաճման նոր դարաշրջան կբացվի Հայաստանի, նաև Ադրբեջանի համար։ Հավատացած եմ՝ կգա ժամանակը, երբ հնարավոր կլինի, օրինակ, բացել Թուրքիայի հետ սահմանը, ինչը բազմաթիվ գործոններից ելնելով հսկայական օգուտ կտա Հայաստանին։ Հեշտ չէ հասնել դրան, բայց կարծում եմ, որ այդ հարցը պետք է լինի օրակարգում։ Հաղորդակցության ուղիների վերականգնումը չափազանց մեծ կարևորություն ունի և բխում է Հայաստանի շահերից, քանի որ թույլ կտա մի շարք հարցերում նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից։ Կարծում եմ՝ դրանից կշահի նաև Ադրբեջանը։ Այնպես որ, շա՜տ բան է դրված խաղասեղանին։ Կարևորն այն է, որ առաջ շարժվելու հիմքում լինի Լեռնային Ղարաբաղի խնդրի անաչառ կարգավորումը, ինչը, իմ կարծիքով, դուռ կբացի շատ այլ դրական զարգացումների համար, ինչին տարածաշրջանն արժանի է»,- նշեց ամերիկացի պաշտոնաթող դիվանագետը։

Հարցին՝ Միացյալ Նահանգներն ունի՞ կենսական շահեր Հարավային Կովկասում, թե տարածաշրջանը կարևորություն է ներկայացնում առավելապես Ռուսաստանի և Իրանի ազդեցությամբ պայմանավորված, Ուորլիքը նկատեց. «Միացյալ Նահանգները միշտ շահեր ունեցել է այս տարածաշրջանում։ Դրանց, իհարկե, ավելացել են էներգետիկ ոլորտում Ադրբեջանում առկա շահերը, բայց միայն սրանով չեն սահմանափակվում դրանք։ Մենք շահագրգռված են Հարավային Կովկասում կայունության պահպանմամբ, շատ անհատական և մշակութային կապեր ունենք, մասնավորապես՝ Հայաստանի հետ. հայ-ամերիկյան մեծ համայնք կա Միացյալ Նահանգներում, որը շատ սերտ կապեր ունի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հետ, ինչը կարևոր է Միացյալ Նահանգների համար։ Մենք նաև ընդհանուր նպատակներ ունենք ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում»։