Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը հրապարակավ հայտարարել է, որ Իրանը կանգնած է Ադրբեջանում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձի հետևում, գրում է haqqin.az-ը։
Ներկայումս այցով Սերբիայում գտնվող իսրայելցի նախարարի խոսքով՝ Ադրբեջանում ջախջախված ահաբեկչական բջիջը ֆինանսավորվել և ցուցումներ է ստացել Իրանից։
Քոհենը Սերբիային կոչ է արել գործել իրանական ահաբեկչական խմբավորումների դեմ. «Իրանական ահաբեկչությունը գլոբալ սպառնալիք է, ինչպես մենք ականատես եղանք վերջին օրերին Ադրբեջանում՝ Բաքվում Իսրայելի դեսպանատան վրա հարձակման փորձով, իսկ վերջին ամիսներին Կիպրոսում և Հունաստանում՝ իսրայելցիների և հրեաների վրա հարձակվելու փորձերով։ Միայն համատեղ պայքարն Իրանի դեմ արդյունք կտա և թույլ չի տա, որ այն շարունակի խաթարել տարածաշրջանային կայունությունը»,- ցիտում է կայքը։





























