Չինաստանի իշխանությունների հետ կապված կիբերհանցագործներն այս տարվա մայիսին Արեւմուտքում 25  էլեկտրոնային հասցեների հասանելիություն էին ստացել, ներառյալ ԱՄՆ դաշնային գերատեսչությունները, հայտարարել են Microsoft ընկերությունում։ Ամերիկյան  իշխանությունները հավաստիացրել են, որ «բավական արագ» են պարզել հաքերների հարձակումը։

Microsoft ընկերության ներկայացուցիչները եւ ամերիկյան պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Չինաստանի իշխանությունների հետ կապված հաքերներն այս տարվա մայիսին գաղտնի հասանելիություն են ձեռք բերել մոտ 25 կազմակերպության էլեկտրոնային փոստերի նկատմամբ, ներառյալ ԱՄՆ երկու դաշնային գերատեսչություն՝ պետդեպարտամենտը եւ ԱՄՆ առեւտրի նախարարությունը։

ԱՄՆ-ն իշխանության դաշնային մարմինների էլեկտրոնային փոստերի կոտրումը հայտնաբերել է «բավական արագ» եւ կարողացել է կանխել հաքերների հետագա հարձակումները,- ասել է Բայդենի վարչակազմի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC հեռուստաընկերության հարցազրույցում։

Պետդեպարտամենտը եւ առեւտրի նախարարությունը հայտարարություններ են արել, որ իրենք հայտնվել են տուժած գերատեսչությունների թվում։

ԱՄՆ կիբերանվտանգության եւ ենթակառուցվածքի պաշտպանության գործակալությունը տեղեկացրել է, որ հաքերներին հաջողվել է փոստի հասանելիություն ստանալ՝ ներկայանալով որպես ավտորիզացված օգտատերեր։ Նրանք օգտագործել են ինքնանույնականացման կեղծ թոքեններ։

Microsoft-ը մեղադրել է Storm-0558 հաքերային խմբին, որին աջակցում են Չինաստանի իշխանությունները։ Ընկերությունում հայտարարել են, որ իրենց հարձակման մասին տեղեկացրել են հունիսի 16-ին։ Հայտնի է, որ չարագործները օգտահաշիվների հասանելիություն ստացել են մայիսի կեսին։

Իր հայտարարությունում Microsoft ընկերությունը տեղեկացրել է, որ Storm-0558 հաքերային խումբը կեղծել է ինքնանույնականացման թվային մարկերները՝ ընկերության Outlook սերվիսում աշխատող վեբ-փոստի գրառումների հասանելիություն ստանալու համար։ Microsoft-ի ներկայացուցիչների խոսքով՝ այդ գործունեությունն սկսվել է 2023թ. մայիսին։

Այս հաքերային գրոհը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Չինաստան այցից առաջ, որը կայացել է 2023թ. հունիսի կեսին։

The Associated Press գործակալության տեղեկացմամբ՝ անոմալ ակտիվությունը նկատել է ԱՄՆ պետդեպարտամենտը։ Գործակալության աղբյուրների տվյալներով՝ հաքերային գրոհի զոհեր են դարձել ոչ մեծ թվով մարդիկ, իսկ տեղեկությունը, որը չարագործները կարող էին ստանալ, գաղտնի չէր։

Տուժած գերատեսչությունների մեջ չկան ռազմական հաստատություններ եւ հատուկ ծառայությունները։ Չի տեղեկացվել նաեւ, թե ԱՄՆ-ից բացի որ երկրների գերատեսչություններն են դարձել հաքերների թիրախ։