Ոչ թե սրվում են ռուս-թուրքական հարաբերությունները, այլ նոր ընթացք են ստանում Թուրքիա-ԵՄ հրաբերությունները, ՆԱՏՕ-ի ազդեցությունը Թուրքիայի եւ անձամբ Էրդողանի վրա եւ այդ հայտարարություններն ուղղված էին ՆԱՏՕ-ի համաժողովին, Թուրքիայի հետագա գործունեությանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Թուրքիա-Ռուսաստան հարբերություններում նկատվող լարվածությանը եւ Էրդողանի հայտարարությանը, որ Ռուսաստանը պետք է հավատարիմ մնա իր խոստմանը եւ 2025 թվականին պետք է հեռանա Ղարաբաղից:

Նա հիշեցրեց, որ դրանից օրեր առաջ Թուրքիան խախտեց համաձայնագրով նախատեսված իր գործառույթը եւ ազատ արձակեց ուկրաինական «Ազով» ջոկատի հրամանատարական կազմին. «Պատմությունը ցույց է տվել, որ Թուրքիան վարում է բավական ճկուն, գրագետ դիվանագիտություն, արտաքին քաղաքականություն, եւ ցանկացած փուլում նա պատրաստ է անցնել բոլոր սկզբունքները: Դա է նաեւ պատճառը, որ մեր քաղաքական ուժը իր բոլոր ելույթներում բացատրում եւ առաջարկում է իշխանություններին՝ չգնալ թուրք-ադրբեջանական խոստումների հետեւից, որ լինելու է հարատեւ խաղաղություն: Այն թուրքական խորամանկությունը, որ նրանք ասում են՝ ինչ ասել եք, եկեք թղթին հանձնենք, դա պետք է դիտարկել որպես իրենց համար ժամանակ ձգձգելու եւ Իրանի դեմ մեծ պատերազմի պատրաստվելու համատեքստում»,-ասաց Թարվերդյանը:

Նա համաձայն չէ, որ Թուրքիան այս փուլում թեքվել է Արեւմուտքի կողմը. «Թուրքիան միշտ եղել է ՆԱՏՕ-ի անդամ եւ Էրդողանը բազմիցս հայտարարել է, որ Թուրքիան ունի ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ  բանակը: Նա միշտ ցանկացել է իր դերն ընդգծել ՆԱՏՕ-ում, իսկ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում վարել է այնպիսի դիվանագիտություն, որը բխում է իր երկրի տնտեսական շահերից: Իսկ այն, որ Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ Էրդողանը իր խոսքը պահող տղամարդ տղա է, երեւի թե համոզվեց, որ այդքան էլ այդպես չէ»,-ասաց Երվանդ Թարվերդյանը:

Հարցին, թե մեր տարածաշրջանում ի՞նչ փոփոխություններ կարող են լինել, եթե լարվածությունկա Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ, նա պատասխանեց. «Մեր պետության համար այսօր վտանգը ահռելի մեծ է: Մեր տարածաշրջնում երկու մեծ խաղացողներ իրար հետ ունին լավ հարաբերություններ, մանավանդ Արցախում ՌԴ-ի դերը շատ մեծ էր Արցախի անվտանգության հարցում, եւ հանկարծ Թուրքիայի նախագահը երեկ առանց Հայաստանի ու Ռուսաստանի հետ քննարկելու հայտարարում է, որ 2025 թվականին ռուսական զորախումբը պետք է դուրս գա Արցախից: Ընդ որում, ինքը նույնիսկ պայմանագրի կողմ չի հանդիսանում: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը եւ մասնավորապես Ալիեւը, Էրդողանի խամաճիկն է, նրա հանձնարարություններն կատարողն է: Թուրքիան ցանկանում է տարածաշրջանում իր դերը լինի որպես մասնակից, այլ որոշիչ: Դա մեծագույն վտանգ է Հայաստանի համար»: