«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի Մոսկվա «արշավի» ավարտից մի քանի ժամ անց ձերբակալվել են ՌԴ ԶՈւ 13 բարձրաստիճան հրամանատարներ, ևս 15-ը ազատվել կամ հեռացվել են ծառայությունից, գրում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
WSJ-ի աղբյուրը կարծում է, որ ձերբակալությունները կապված են «շարքերը մաքրելու» հետ նրանցից, ում, ինչպես կարծում է Կրեմլը, «այլևս չի կարելի վստահել»։
Հոդվածագրի համաձայն՝ ձերբակալվածների թվում է օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Սերգեյ Սուրովիկինը։ Նրա կալանավորման մասին ավելի վաղ հայտնել էին այլ լրատվամիջոցներ։
WSJ-ի աղբյուրների համաձայն՝ Սուրովիկինը շարունակում է հարցաքննվել խռովության մեջ իր ենթադրյալ դերի մասին։
Ինչպես ավելի վաղ գրել էր The New York Times-ը՝ վկայակոչելով հետախուզությանը ծանոթ ամերիկացի պաշտոնյաներին, Սուրովիկինը իբր իմացել է Պրիգոժինի ծրագրերի մասին։
Պաշտոնապես ոչինչ չի հաղորդվել Սերգեյ Սուրովիկինի գտնվելու վայրի մասին, սակայն չորեքշաբթի Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն ասել է, որ Սուրովիկինը «դեռ հասանելի չէ», քանի որ «այժմ հանգստանում է»։
Միևնույն ժամանակ, շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին ասել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը պարուրվել է Պրիգոժինի անհաջող ապստամբությամբ հրահրված «շփոթությունների մեջ», սակայն դեռ դժվար է ասել, թե ինչ ազդեցություն են թողնում այդ գործընթացները Ուկրաինայի դեմ շարունակվող ագրեսիայի վրա:





























