ՀՀԿ-ականներն ի աջակցություն Արցախի Հանրապետության և արցախցիների, այսօր՝ հուլիսի 14-ին, բողոքի ակցիա են իրականացրել  Երևանում Եվրամիության գրասենյակի առջև։

«Արդեն 200 օրից ավելի է հայոց Արցախը գտնվում է  շրջափակման մեջ, գտնվում է հումանիտար բլոկադայի շեմին, եւ դա իրականացվում է  միջազգային հանրության և Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունների անտարբերության քողի տակ»,- ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։

«Սա այն կառույցի գրասենյակն է, որն ունի միջազգային պարտավորություն, ունի պարտավորություն նաև հայ ժողովրդի՝ Հայաստանի և Արցախի քաղաքացիների առջև։ Դեռևս մեր իշխանության օրոք ԵՄ-ն ստորագրել է Հայաստանի հետ համագործակցության պայմանագիր՝ CEPA-ն, որտեղ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն անքակտելի է։ Արցախի ժողովորդի ինքնորոշման իրավունքը վավերացրել են  ԵՄ բոլոր երկրները,  բայց այսօր ԵՄ-ն,  փոխանակ պաշտպանի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, որը վավերացվել է հենց ԵՄ կողմից, դարձել է Արցախի արդբեջանացման քավորը»,- ասաց Շարմազանովը։

Ներկաները կսեցին վանկարկել՝ «ամոթ»:

Նա նշեց, որ արցախահայությունը, հայությունն օրհասական պահեր են ապրում, բայց չեն ծնկելու. «Մենք մեր համերաշխությունն ենք հայտնում մեր Արցախի քույրերին ու եղբայրներին: Արցախի ադրբեջանացում չի լինելու եւ թող Միշելն էլ, Նիկոլն էլ, Իլհամն էլ ականջներին օղ անեն՝ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը  հայինը եղել է, հայինն էլ մնալու է»,-հայտարարեց Շարմազանովը: